AM
17 Նոյեմբեր 2025 - 06:48 AMT

Սիմոնյանը կրկին պնդել է՝ ՀՀ ԶՈւ-ն մոտ 110 կմ-ի չափով տեղակայված է Ադրբեջանի տարածքում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին խոսել է այն մասին, որ ՀՀ զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում: Այդ մասին նա ասել է ,ԼուրջCast» հաղորդման ընթացքում։

«Ես ասում եմ՝ 110 կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ 200 կմ էլ իրենք են մեր տարածքում։ Այո, ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած տեղեր կան մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»,-հայտարարել է Սիմոնյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում էլ էր ՀՀ ԱԺ նախագահը նմանօրինակ հայտարարություն արել։

#CivilNetCheck–ը, հիմնվելով բաց աղբյուրների, արբանյակային լուսանկարների և խորհրդային քարտեզների վրա, ուսումնասիրել էր, թե որքանով են Սիմոնյանի նշած թվերը համապատասխանում իրականությանը՝ նշելով, որ «հայկական ուժերի վերահսկողության ներքո է Ադրբեջանի դե յուրե տարածքի ընդհանուր մոտ 21 քառ. կմ, որը չի ներառում անկլավների որևէ տարածք, ինչը մոտ հինգ անգամ պակաս է Սիմոնյանի հայտարարած «ենթադրաբար 110 քառ. կմից»։

«Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի դե յուրե տարածքի առնվազն 230 քառ. կմ. նրանք սահմանագծի մոտ 20 հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ընդ որում, առավել մեծ տարածքները ադրբեջանական կողմը գրավել է 2021-2022 թվականներին Հայաստանի դեմ լայնածավալ հարձակումների ժամանակ»,- նշված էր #CivilNetCheck–ի հրապարակման մեջ։