AM
17 Նոյեմբեր 2025 - 06:55 AMT

Հարությունյան․ Քոչարյանը, Սարգսյանն ու մյուսները ջախջախվել են Էջմիածնում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաղարշապատում նոյեմբերի 16–ի ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ շտաբում հայտարարել է, որ քաղաքական դաշտի բոլոր ուժերը ջախջախվել են Էջմիածնում:

«Մեր քաղաքական դաշտի բոլոր ուժերը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան, Արթուր Վանեցյան, բոլորը ջախջախվել են Էջմիածնում և ջախջախվելու են Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է նա,հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ նախնական տվյալների՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «դա կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։

Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության և աջակցության համար։