AM
17 Նոյեմբեր 2025 - 07:34 AMT

Սուրենյան․ Առաջիկա օրերին սպասվում է արևառատ ու առանց տեղումների եղանակ

ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ նոյեմբերի 17–ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա օրերին կլինի արևառատ ու առանց տեղումների եղանակ։

«Առաջիկա ժամերին միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից ու իր տեղը կզիջի հարավարևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնք կմնան մեր երկրում մինչև ամսվա վերջ։ Առաջիկա 10 օրերին սպասվում է արևառատ ու առանց տեղումների եղանակ»,– ասել է նա։

Սուրենյանն ասել է նաև, որ նոյեմբերի 18-ին և 19–ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով և մի քանի օր կմնա անփոփոխ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերը առանձին վայրերում դիտվել են կարճատև տեղումներ, իսկ լեռնային հատվածներում՝ ձնախառն անձրև, սակայն արդեն նոյեմբերի 17-ի ցերեկային ժամերից սկսած, ինչպես նաև 18-ից մինչև 21-ը, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Երևանում նոյեմբերի 17-ի գիշերը և վաղ առավոտյան ժամերին գրանցվել է կարճատև անձրև, սակայն երկրորդ կեսից կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 14-16 աստիճանի։