Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և ՀԾԿՀ-ում ՀԷՑ-ից սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող հարցերի քննությունները ենթակա են մերժման։ Այդ մասին Կարապետյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին է ասել փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսօր ժամը 10։00-ին դատարանում քննվում է կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։ Նույն օրը նույն ժամին ՀԾԿՀ-ում էլ Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի քննությունն է լինելու։ Այն, որ երկու քննությունն էլ նույն օրն ու նույն ժամին է, կարծում եմ դա առավել քան խոսուն է` հաշվի առնելով այն, որ երկու հանգամանքն էլ ենթակա են մերժման»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Փաստաբանը հայտնել է, որ պաշտպանական կողմը նիստի ժամանակ կներկայացնի իրենց կազմած փաստաթղթերի փաթեթը, որը ներառում է մի ամբողջ հատոր՝ բաղկացած միջնորդություններից, գրավոր գրառումների պատճեններից, որոնց մի մասի վերաբերյալ պատասխաններ չեն ստացվել, իսկ մյուս մասում ստացված պատասխանները, ըստ Վարդևանյանի, կապ չունեն Կարապետյանի գործի բովանդակության հետ։
«Քննիչն էլ դատարանում հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ»,–ասել է նա։
Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 27 դեմ ձայներով ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը հանրության շրջանում հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։
Դրանից ավելի վաղ՝ հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը ժամեր առաջ, հայտարարել էր, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ի պետականացման համար։ Նա ընդգծել էր նաև, որ ընկերության այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ, կարող են ազատվել աշխատանքից։ Հունիսի 24-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատրաստ է ՀԷՑ-ի պետականացման ծրագիրը։
Հուլիսի 18-ին էլ հայտնի էր դարձել, որ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ժամանակավորապես կառավարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ այդ պաշտոնում նշանակելով նախկինում պետական վերահսկողության ծառայությունը ղեկավարած Ռոմանոս Պետրոսյանին։ Նույն ժամանակ հանձնաժողովը, հիմք ընդունելով կառավարության ներկայացրած հաղորդումը, վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ։






