2025 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և դատարան է հանձնել քրեական վարույթի նյութերը, որոնք վերաբերում են Վաղարշապատի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների քարոզչությանը խոչընդոտելու գործին։
Վարույթն առնչվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին։
«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գ.Ղ.-ն, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու, Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սահմանված կարգով նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի Գրիգոր Լուսավորչի փողոցի բնակիչ Հ.Ն.-ն, իր տան մոտ հանդիպելով Գ.Ղ.-ին, տեղեկացել է, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր: Հ.Ն.-ն տեղեկացել է նաև, որ վերոնշյալ կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով, նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր:
Հ.Ն.-ն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ քարոզչությունը խոչընդոտված լինելու պատճառով Գ.Ղ.-ն դադարեցրել է իր գործողությունները և հեռացել է քարոզչական պաստառների տեղադրման վայր։ Սակայն Հ.Ն.-ն և Գ.Ն.-ն հետագայում շարունակել են միջամտությունը՝ շրջելով քարոզարշավի հանդիպման նախապես որոշված վայրում՝ Բարեկամության փողոցում, որտեղ Գ.Ն.-ն անձամբ զրուցել է այնտեղ գտնվող քաղաքացիների հետ, ինչից հետո նրանք հեռացել են տարածքից։
Քննության արդյունքներով դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հարուցել է հանրային քրեական հետապնդում Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից քարոզչությանը խոչընդոտելու հատկանիշներով։
«Գ.Ն.-ի և Հ.Ն.-ն կալանավորված են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






