Երևանում տեղի է ունեցել փորձագիտական քննարկում, որը նախաձեռնել է Եվրոպայի խորհրդի գրասենյակը՝ նպատակ ունենալով անդրադառնալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ընթացող բարեփոխումներին և դրանց ազդեցությանը տեղահանված անձանց պաշտպանության ու ինտեգրման գործընթացների վրա, հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանն իր ելույթում ներկայացրել է իրականացված և ընթացիկ բարեփոխումների ուղղությունները, ինչպես նաև մանրամասն անդրադարձել է Ղարաբաղից տեղահանված անձանց փաստաթղթավորման և իրավական կարգավիճակի հարցերին։
Դավթյանը կարևորել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ՝ հատուկ ընդգծելով «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքները՝ դրանք գնահատելով արդյունավետ և հաջողված։
Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյը, ով ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված գործողությունները՝ ուղղված փախստականների հոսքին արձագանքելու ուղղությամբ։
2023 թվականին մեկնարկած և 2.8 միլիոն եվրոյի ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը գործում է Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) շրջանակում՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանին հաղթահարելու փախստականների զանգվածային ներհոսքից բխող հրատապ խնդիրները։
Քննարկումը ծառայել է որպես համախմբող հարթակ պետական կառույցների, իրավաբանների, տեղահանված անձանց համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների միջև մտքերի փոխանակման և համատեղ վերլուծությունների իրականացման համար։
Ձևաչափը նպատակ է հետապնդել մշակելու առաջարկություններ տեղահանվածների խնդիրների լուծման ուղղությամբ՝ գործնական նախաձեռնությունների միջոցով նպաստելով իրավական խոչընդոտների հաղթահարմանը, ինստիտուցիոնալ արձագանքների բարելավմանը, համակարգման մեխանիզմների կատարելագործմանը և իրազեկման մակարդակի բարձրացմանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






