AM
17 Նոյեմբեր 2025 - 09:34 AMT

Չեչեն կնոջ սպանության գործով 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

23-ամյա չեչեն կնոջ՝ Այշատ Բայմուրադովայի սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 20-ին Երևանի Դեմիրճյան փողոցում գտնվող վարձակալած բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 23-ամյա չեչեն քաղաքացի Այշատ Բայմուրադովայի դին։ Ըստ իրավապաշտպանների և զոհվածի ընկերների՝ նա փախուստի էր դիմել Չեչնիայից՝ ցանկանալով ազատվել ընտանեկան բռնության սպառնալիքից։