Նոյեմբերի 17-ին կայացած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ նիստի մասնակիցներից մեկը ներկայացրել է վարույթի կասեցման վերաբերյալ միջնորդություն, և մինչև նիստի օրակարգով նախատեսված ելույթներին անցնելը, այն դրվել է քվեարկության։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ նիստի մասնակիցներից մեկը ներկայացրել է վարույթի կասեցման մասին միջնորդություն, նախքան ելույթներին անցնելը քվերակության եմ դնում այն»,– նշել է Մանուկյանը, գրում է Panorama.am-ը։
Քվեարկության արդյունքներով՝ հանձնաժողովը մերժել է միջնորդությունը՝ 4 դեմ, 1 կողմ հարաբերակցությամբ։
Միայն հանձնաժողովի ընդդիմադիր քվոտայով անդամ Արա Նռանյանն է կողմ քվեարկել, մինչդեռ մնացած չորս անդամները հանդես են եկել ընդդեմ։
Նշված միջնորդությունը ՀԾԿՀ-ին ներկայացվել էր նախորդ նիստի ժամանակ՝ «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչների կողմից, որոնք հանդես են գալիս որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը ՀԾԿՀ նիստում նախազգուշացրել է, որ ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկման գործընթացը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի ներդրումային գրավչությանը։
Նրա խոսքով՝ նման զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ ներդրողներն սկսեն խուսափել Հայաստանում որևէ ներդրում կատարելուց, հայտնում է «Փաստինֆոն»։
Ղազինյանը հռետորական հարց է հնչեցրել՝ արդյո՞ք քրեական վարույթ կնախաձեռնվի Էջմիածնում էլեկտրաէներգիայի անջատումների վերաբերյալ, ապա հեգնել, որ երբ ընկերության տնօրենն ինքն էր, բողոքները կհասնեին ՄԱԿ գլխավոր քարտուղարին։
Ղազինյանը խոսել է նաև այս ամբողջ գործընթացի քաղաքական դրդապատճառներից, հիշեցրել, որ այս ամբողջ գործընթացը սկսել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ մեկը կալանք էր քննարկում, մյուսը՝ լիցենզիայից զրկում և այլն։
«Ձեզ խաբել են, հարգելի քաղաքացիներ։ Ձեզ ներկայացրել են, որ ՀԷՑ-ը ճգնաժամում է, որ կան միլիարդավոր չարաշահումներ, բայց որևէ մեկը մեղադրյալ չի ներգրավվել։ Դա արվել է ընդամենը երկու նպատակով՝ ճնշում գործադրելու Սամվել Կարապետյանի վրա կամ նրան բանակցությունների դաշտ բերել»,– ընդգծել է Ղազինյանը։
Նրա խոսքով՝ գործարար Սամվել Կարապետյանը, ինչպես ինքն է հայտարարել, չի պատրաստվում գնալ որևէ գործարքի միայն նրա համար, որ իրենից չխլեն ՀԷՑ-ը։
Արդեն մի քանի օր է ընթանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀԾԿՀ-ին՝ զրկել լիցենցիայից, քանի որ կառույցում խախտումներ կան որոնք բերել են ճգնաժամի։ Որոշման մեջ նաև նշվում է, որ լիցենցիայի գործողության դադարեցմամբ հանձնաժողովը չի նշանակում նոր կառավարիչ, այլ գործողը ժամանակավորը շարունակում է մնալ։






