Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 29 միլիոն 510 հազար ռուսական ռուբլու մաքսանենգ տեղափոխման գործով քրեական վարույթի նախաքննությունը։
Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության, քննության ընթացքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացի, նախապես համաձայնեցված ձևով, համագործակցելով երեք ՀՀ քաղաքացիների հետ, կազմել է խումբ և փորձել է կանխիկ միջոցները Հայաստանից Վրաստան տեղափոխել՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և չկատարելով պարտադիր մաքսային հայտարարագրում։
Գումարը, որը հանդիսանում է մաքսանենգության առարկա, հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրականացված հսկողության ընթացքում։
Նախաքննության ընթացքում հայտնաբերված գումարը առգրավվել է։
Քննչական մարմինը չորս անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգության հատկանիշներով։
Քրեական գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ներկայացնելու նպատակով։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






