AM
17 Նոյեմբեր 2025 - 11:15 AMT

2025թ. Երևանում ընդհանուր առմամբ կբարեկարգվի ավելի քան 130 բակային տարածք

2025թ. Երևանում ընդհանուր առմամբ կբարեկարգվի ավելի քան 130 բակային տարածք: 2024թ. ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն հարմարավետ պայմաններ են ապահովվել ևս մոտ 130 բակում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ տարվա աշխատանքները, հայտնում է քաղաքապետարանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այս աշխատանքներն իրենց ծավալով ու քանակով աննախադեպ են։

«Տասնյակ այս բակերի վերակառուցումը, ֆուտբոլի դաշտերի կառուցումն իրականում մեր ծրագրերի ամենակարևոր բաղադրիչն են, որով մենք վերակենդանացնում ենք մեր բակերում եղած միջավայրը, որոշ դեպքերում նաև զրոյից ձևավորում այդ միջավայրը: Այս ծրագրերով մենք երեխաների համար ստեղծում ենք հնարավորություն՝ ունենալու իրենց խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը, առհասարակ մարդկանց հանգստի համար կառուցում ենք հարմարավետ, բարեկարգ ու հասանելի հատվածներ:

Այս աշխատանքներն իրենց ծավալով ու քանակով աննախադեպ են: 2022թ.-ից սկսած մոտավորապես մենք այս տեմպերով ենք իրականացրել աշխատանքները, սա նշանակում է, որ Երևանում հարյուրավոր բակեր են վերակառուցվում, և այս բակերը, վստահորեն, իրենց հետքը թողնելու են մեր բակային միջավայրի ու, հույս ունենք, որ թողնելու են նաև մեր ֆուտբոլային ապագայի վրա»,- նշել է քաղաքապետը:

Նշվել է նաև, որ Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ. տարածքում առաձնացվել է մոտ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա հարթակ է կառուցվել՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքը և աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։