Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, նոյեմբերի 17-ին սկսվել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը, հայտնում է Factor.am-ը։
Միջնորդությունը ներկայացրել է Քննչական կոմիտեն՝ հիմնավորելով, որ նախաքննությունն ավարտված չէ և անհրաժեշտ է խափանման միջոցը շարունակել։
Կարապետյանի գործով դատական նիստից առաջ փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և ՀԾԿՀ-ում ՀԷՑ-ից սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող հարցերի քննությունները ենթակա են մերժման։
Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 27 դեմ ձայներով ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը հանրության շրջանում հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։
Դրանից ավելի վաղ՝ հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը ժամեր առաջ, հայտարարել էր, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ի պետականացման համար։ Նա ընդգծել էր նաև, որ ընկերության այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ, կարող են ազատվել աշխատանքից։ Հունիսի 24-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատրաստ է ՀԷՑ-ի պետականացման ծրագիրը։
Հուլիսի 18-ին էլ հայտնի էր դարձել, որ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ժամանակավորապես կառավարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ այդ պաշտոնում նշանակելով նախկինում պետական վերահսկողության ծառայությունը ղեկավարած Ռոմանոս Պետրոսյանին։ Նույն ժամանակ հանձնաժողովը, հիմք ընդունելով կառավարության ներկայացրած հաղորդումը, վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ։






