AM
17 Նոյեմբեր 2025 - 12:19 AMT

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալին» զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում է կայացրել 3 օր տևած քննարկումից հետո, հայտնում է Sputnik Արմենիան։

Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ բաժանորդների հաշիվներին կցվել է մոտավորապես 134․8 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ որոշ բաժանորդների դեպքում հակառակը` հաշիվները հաշվի չեն առնվել (թաքցվել է 11․3 հազար կՎտ/ժ)։ Հանձնաժողովի որոշման մեկ այլ կետում խոսվում է նոր բաժանորդների միացման ժամկետանց մի քանի հազար դեպքերի մասին։ Հաջորդ կետի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վարկային երաշխիքներ են տրամադրել փոխկապակցված ընկերություններին («Արմհոլդինգ», «Տաշիր կապիտալ» և այլն)՝ ընդհանուր մոտ $690 միլիոնի չափով, սակայն այդ մասին չեն տեղեկացրել հանձնաժողովին (չնայած պարտավոր էին դա անել, քանի որ այդ ընկերությունների կողմից վարկերը չմարելու դեպքում ՀԷՑ-ը պատասխանատու կլիներ ընկերության գույքով, այսինքն՝ հանրապետության բաշխիչ ցանցով) և չեն ստացել հանձնաժողովի համաձայնությունը։

Այս կապակցությամբ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հունիսի 1-ի դրությամբ գործող երաշխիքների ծավալը կրճատվել է մինչև $211 միլիոն, իսկ սեպտեմբերի սկզբին՝ $50 միլիոն (գումարը կրճատվում է վարկերի մարմանը զուգահեռ)։ Գրանցվել է նաև էլեկտրամատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի I և II եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ). անջատումների միջին տևողությունն աճել է 4.2%-ով, իսկ միջին հաճախականությունը՝ 8.15%-ով։ Որոշման մեջ նշվում է, որ «Տաշիր կապիտալը» բողոքարկել է կառավարչի նշանակումը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։

Մինչ որոշման հրապարակումը «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանը կարևորել է գնահատելը, թե ՀԾԿՀ–ի՝ «Տաշիր Կապիտալի» դեմ սկսած գործընթացը որքանով է իրականացվում ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համահունչ։

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման հարցի շուրջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արտակարգ արբիտրի որոշումը, հայտնում է Panorama.am-ը։

«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտարժային կանոների համաձայն, արտակարգ արբիտրաժի գործով ժամանակավոր միջոցների մասին արտակարգ արբիտրի որոշման վերաբերյալ վճռով պատասխանողից՝ ՀՀ-ից պահանջվում է զերծ մնալ ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումից»,– նշել է Օրբելյանը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ ՀԾԿՀ-ն դիմել էր ՀՀ կառավարությանը՝ պարզելու, թե արդյոք կառավարության որոշման մեջ կա ընթացիկ վարույթը կասեցնելու դրույթ։ Կառավարությունը հայտնել է, որ նման կետ չկա, ինչը, ըստ Օրբելյանի, համապատասխանում է փաստացի իրավիճակին։

«Որոշմամբ ասվում է, որ ժամանակավոր կառավարչին չնշանակեք, իսկ նշանակելու դեպքում էլ թույլ չտաք, որ նա հանդես գա որպես գործադիր մարմին»,– պարզաբանել է փաստաբանը։

Նա ընդգծել է, որ արտակարգ արբիտրի որոշումը իրավական ուժ ունի և ՀՀ կառավարությունը պարտավոր է այն կատարել։ Ըստ նրա, դրանում հստակ ամրագրված է, որ արգելվում է ՀԷՑ-ը զրկել լիցենզիայից, ինչը ՀՀ-ի համար հանդիսանում է պարտադիր նորմ։

Օրբելյանը նաև հայտարարել է, որ պահանջի կատարումը հնարավորություն կտա Հայաստանին խուսափել հնարավոր հարյուրավոր միլիոն դոլարի տույժերից, որոնք կարող են առաջանալ միջազգային իրավունքի խախտման դեպքում։

Հանձնաժողովին ներկայացվել է նաև որոշման նոտարական թարգմանությունը՝ ապահովելու համար, որ ՀԾԿՀ-ն լիարժեք իրազեկված լինի և հետագայում չհայտարարի, թե չի եղել տեղեկացված։

Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 27 դեմ ձայներով ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը հանրության շրջանում հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։

Դրանից ավելի վաղ՝ հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը ժամեր առաջ, հայտարարել էր, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ի պետականացման համար։ Նա ընդգծել էր նաև, որ ընկերության այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ, կարող են ազատվել աշխատանքից։ Հունիսի 24-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատրաստ է ՀԷՑ-ի պետականացման ծրագիրը։

Հուլիսի 18-ին էլ հայտնի էր դարձել, որ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ժամանակավորապես կառավարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ այդ պաշտոնում նշանակելով նախկինում պետական վերահսկողության ծառայությունը ղեկավարած Ռոմանոս Պետրոսյանին։ Նույն ժամանակ հանձնաժողովը, հիմք ընդունելով կառավարության ներկայացրած հաղորդումը, վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ։