Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել: Կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:
«Մայր Հայաստան» կուսակցության կողմից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախընտրական արշավն իրականացրել են «հսկայական ճնշումների ներքո»։
«Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին․․․ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ՝ մեզ հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 25 օրում, ահագին աշխատանք կատարել։ Մենք նախընտրական արշավն իրականացնում էինք հսկայական ճնշումների ներքո․ այս ընթացքում իմ ու Դավիթ Կարապետյանի դեմ գործեր կարվեցին, մեզ սատարող բլոգերին կալանավորեցին։
Ու այս ամենով հանդերձ՝ մենք կարողացանք որոշակի քվե ստանալ ու ներկայացված կլինենք Վաղարշապատի ավագանիում։ Շնորհակալ եմ Դողսի բնակիչներից, ովքեր ընտրության մասնակիցների 57 տոկոսի չափով ինձ ու մեր թիմին վստահության քվե տվեցին։ Ցավալի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվեց, բայց սա մեզ պետք է ոչ թե հիասթափեցնի կամ անգործության մղի, այլ ճիշտ հակառակը»,–գրել է նա։
«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենց թիմին 15 ձայն է պակասել անցողիկ շեմը հաղթահարելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել վստահության և աջակցության համար։
«Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը, որի ղեկավարած քաղաքական ուժին իր ձայնը տվել է 10,051 ընտրող, նոյեմբերի 18–ին հանդես կգա ասուլիսով։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք – 10,051, «Համահայկական ճակատ» կուսակցություն – 295, «Հանրապետություն» կուսակցություն – 1 241, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն – 1 692, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 1 177, «Ժառանգություն» կուսակցություն – 440, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 15,298, «Հայրենիք» կուսակցություն – 1 193:






