«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է, որ մինչև գործարար Սամվել Կարապետյանի հանրային հայտարարությունը որևէ գործընթաց ՀԷՑ-ի հետ կապված տեղի չի ունեցել։
«Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ կապված որևէ պրոցես տեղի չէր ունենում։ Այսինքն մենք չունենք ՀԷՑ-ի սեփականատիրոջ իրավունքների հետ կապված խախտման որևէ փորձ մինչև հայտնի հայտարարությունը»,- ասել է Նարեկ Կարապետյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ հենց այդ հայտարարությունից հետո սկսել են ՀԷՑ-ը վերցնելու ուղղությամբ արվող հայտնի քայլերը։
«Մենք պետք է հիշենք, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման պահանջները չեն կատարվում։ Այն պարտավորեցրել է Հայաստանին, որպեսզի նման գործողություններ չկատարվեն։ Ուզում եմ նաև մեր հայրենակիցներին հիշեցնել, որ ՀԷՑ-ի հետ այս ամենը կատարվում է, քանի որ Սամվել Կարապետյանը պաշտպանում է հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Այն հետևանքները, որ կրում է մեր բիզնեսը, պատրաստ ենք դրանց հանուն մեր համոզմունքների, մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ հասարակության մեջ երբեմն տարածված է կարծիքը, թե հայ գործարարները միայն շահույթ ստանալու նպատակ ունեն, սակայն Սամվել Կարապետյանի օրինակը ցույց է տալիս, որ կան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք առաջնորդվում են գաղափարական արժեքներով։
«Նրանք պատրաստ են ճնշումների, ֆինանսական կորուստների միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար»,- հայտարարել Կարապետյանը։
Նա անդրադարձել է նաև Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀԷՑ-ում իրենք խնայողություններ են ապահովել և այդ պատճառով սեփականատերերը պետք է երախտապարտ լինեն։
«Սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել մեկին, որ գործիք է հանդիսացել կամա թե ակամա, որ Հայաստանում սեփականության իրավունք ոտնահարվի»,- ասել է ընկերության փոխնախագահը՝ հավելելով, որ այդ նշանակումն իրենք օրինական չեն համարում և հենց այդ պատճառով չեն հանդիպել Ռոմանոս Պետրոսյանին։
Հակակոռուպցիոն դատարանի առջև են հավաքվել մեծ թվով մարդիկ՝ իրենց աջակցությունը հայտնելով գրեթե երեք ամիս կալանքի տակ գտնվող գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին։
Ներկայումս դատարանը քննում է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։
Դատարանի բակում են գտնվում նաև Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, կինը, ինչպես նաև որդիներն ու դուստրը։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:






