Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և նրանց տոնը շնորհավորելու նպատակով։
Իր խոսքում նա նշել է, որ Բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները
«Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու կրթության հիմնարար նշանակությունը, երիտասարդների առանցքային դերակատարումը հասարակության կայուն զարգացման գործում, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը՝ արժանապատիվ, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ապահովման համատեքստում»,– ասել է Մանասյանը։
Նա ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առջև ծառացած հիմնական մարտահրավերները։ Նա մասնավորապես առանձնացրել է իրավունքի քաղաքականացման ու հասարակական բևեռացման ռիսկերը՝ որպես լուրջ խոչընդոտներ։
«Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու գործում։ Մինչդեռ հասարակական բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները, ձևախեղում մարդու իրավունքների ընկալումը և վտանգում իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի արդյունավետությունը»,–նշել է նա։
ՄԻՊ-ը շեշտել է, որ նման գործընթացները կարող են վնասել համակարգի կայունությանն ու քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացմանը։
Քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները։
Նա ընդգծել է հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման սկզբունքային դերը։






