ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Լրագրողներին այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այս ամենն ինչի՞ համար է արվում (նկատի ունի իրավական պաշտպանություն, աջակցություն Սամվել Կարապետյանին– խմբ․), եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը պարզապես երեկվա 18։30-ի դրությամբ կարող է դատական նիստի ամբողջ ելքը կանխորոշել, այսինքն՝ այդքան խրթին իրավական հարցերի և մյուս կողմից՝ պրիմիտիվ, անհիմն միջնորդության պայմաններով, «Հայկական ժամանակն» ամբողջն ասի, որ կալանքը պետք է երկարացվի։ Այդ նյութը 23։00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի։
Դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնենք դրա մասին, դատավորը արտահայտի իր վրդովմունքը, թե իբր «ու՞մ տեղն ենք դրել իրեն», ինքը ո՞նց կարող է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվել։ 100-ից 100 կանխատեսումը կատարեց»,- հայտարարել է Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը կատարվել է հունիսի 17-ին՝ այն բանից հետո, երբ նա հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ՝ հայտարարելով, թե «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»։ Հաջորդ օրը՝ հունիսի 18-ին, նա կալանավորվել է երկու ամսով։ Օգոստոսի 15-ին դատավոր Տիգրան Դավթյանը ևս երկու ամսով երկարաձգել է կալանքի ժամկետը։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290-րդ (հարկերի, տուրքերի կամ այլ վճարների չվճարում), 296-րդ (փողերի լվացում), և 422-րդ (իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտարարվել է, որ նրա մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է նաև ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված նոր մեղադրանք՝ ըստ որի նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ՝ օգտագործելով իշխանական դիրքը, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը։
Հոկտեմբերի 16-ին դատարանը մասնակիորեն ընդունել է քննչական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով կալանքի ժամկետը։ Այդ որոշմամբ դատարանը փաստել է, որ դեռևս հուլիսին ներկայացված տնտեսական բնույթի մեղադրանքներում բացակայում է հիմնավոր կասկածը, սակայն հաստատել է այն մասը, ըստ որի՝ հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները կարող են որակվել որպես իշխանությունը բռնի եղանակով զավթելու կոչ։






