AM
18 Նոյեմբեր 2025 - 08:40 AMT

Գիշերը կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Նոյեմբերի լույս 19–ի գիշերը երկնքի սիրահարները կարող են ականատես լինել Լեոնիդների ասուպային հոսքի ամենաակտիվ փուլին՝ Առյուծի համաստեղության ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում դիտվում է Լեոնիդների ասուպային հոսք՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, և մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը՝ մինչև 85 գրամի:

Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866թ-ին հայտնաբերված 55P/Թեմփել-Թաթլ գիսավորից մնացած բեկորների միջով Երկրի անցումով»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ: