AM
18 Նոյեմբեր 2025 - 09:10 AMT

Երևանի երթևեկությունը կառավարելու համար կստեղծվի համայնքային նոր հիմնարկ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնադրել նոր համայնքային կառույց՝ մայրաքաղաքի երթևեկության արդյունավետ կազմակերպումն ու վերահսկողությունը համակարգելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ավագանու նիստում։

«Դրա գործառույթների մեջ պետք է մտնի երթևեկության կազմակերպման հետ կապված տարբեր միջոցառումների իրականացումը։ 2026թ. համար նախանշվել է 2 խոշոր ծրագիր. հանրային տրանսպորտի դիսպետչերիզացիայի համակարգ և ընդհանուր երթևեկության կառավարում»,-նշել է նա, գրում է Factor.am-ը։

Նախատեսվում է, որ նոր կառույցը մասամբ կստանձնի գործող «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության գործառույթները։ Ապագայում ավագանու քննարկմանն է ներկայացվելու նաև «Երևանտրանսը» լուծարելու վերաբերյալ նախագիծ։

Նորաստեղծ կենտրոնի համար նախատեսվում է հատկացնել մոտ 1200 քառակուսի մետր տարածքով շինություն։ Բյուջետային պլանավորման շրջանակում մինչև 2026 թվական աշխատավարձերի ավելացում չի նախատեսվում։