AM
18 Նոյեմբեր 2025 - 09:32 AMT

Հակոբյանը՝ ԵՄ–ին․Դուք դատապարտում եք ճնշումները, երբ ձեզ օգտավետ է, և աչք եք փակում՝ երբ կիրառում են ձեր գործընկերները

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Եվրամիությանը։

Դիմելով ԵՄ–ին նա նշել է, որ դատապարտում են ճնշումները, երբ իրենց օգտավետ է, և աչք փակում՝ երբ կիրառում են իր գործընկերները՝ հավելելով, որ դա չեզոքություն չէ, դա երեսպաշտություն է։

Նա հավելել է, որ միջազգային հանրության լռությունը դարձել է ճնշումները ծածկելու քաղաքական գործիք, լռություն, որը վարչապետ «Նիկոլ Փաշինյանի ռեժիմին տալիս է լիակատար անպատժելիության վստահություն, լռություն, որը վերածվել է համաձայնության, մասնակցության և հավանության»։

«Քանի դեռ, միջազգային հանրություն, դուք շարունակում եք խոսել արժեքների մասին, Հայաստանում հետապնդվում կամ ճնշման են ենթարկվում, կալանավորված կամ ձերբակալված են՝ արքեպիսկոպոսներ, բարերարներ, լրագրողներ, ընդդիմադիրներ, փաստաբաններ և խաղաղ քաղաքացիներ։ Հայ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս և հոգևորականներ են ձերբակալվել՝ նախադեպ, որը չի եղել նույնիսկ մեր պատմության ամենամութ տարիներին / Բագրատ, Միքայել և Մկրտիչ Սրբազանները/:

․․․Իշխանության գործելաոճը այնչափ կաշկանդված չէ իրավական մեխանիզմներով, որ քաղաքական բանտարկությունները չեն շրջանցում ընտրված համայնքապետերին Մամիկոն Ասլանյան, Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, չեն շրջանցում պատգամավորներին՝ Արթուր Սարգսյան, Լևոն Քոչարյան, տարատեսակ քրեական գործերով անցնող այլ ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր շատ արագ զրկվում են անձեռնմխելիությունից ու հայտնվում բանտերում: Կարվում են շինծու գործեր, տարվում երկարատև դատական պրոցեսներ և «մեղադրյալներին» նկատմամբ կիրառվում ամենախիստ պատիժները ողջ դատական պրոցեսի ընթացում՝ ազատազրկման ձևով։

Ճաղերի հետևում հայտնվելու չափանիշը բացառապես մեկն է՝ ընդդիմախոսել և քննադատել իշխանությանը, անհամաձայն լինել նրա գործելաոճի և վարած քաղաքականության հետ։

Խոսքի ազատությունը ոչնչացված է, եկեղեցին՝ ճնշման տակ։ Արդարադատությունը վերածվել է հաշվեհարդարի մեխանիզմի։ Ռեժիմը արագորեն անցնում է բացահայտ ավտորիտարիզմի և/կամ բռնատիրական երկրի ստանդարտին համապատասխան։

Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ վաղուց պարզ է։ Նա անում է այն, ինչ անում է ցանկացած լեգիտիմությունը կորցրած առաջնորդ։ Բայց միջազգային հանրություն՝ ձեր լռությունը անհամեմատ ավելի վտանգավոր է նրա գործողություններից։

Եվրոպական երկրներ, եվրոպական երկրների հայաստաստանում հավատարմագրված դեսպաններ, ես մեղադրում եմ ձեզ երկակի ստանդարտների մեջ։ Դուք դատապարտում եք ճնշումները այնտեղ, որտեղ դա ձեզ օգտավետ է, և աչք եք փակում, երբ ճնշումները կիրառում են ձեր գործընկերները։ Մինչև 2018 թվականը դուք արձագանքում էիք խոսքի ազատության ամենաչնչին ճնշմանը։ Այսօր, երբ Հայաստանում կալանավորված են արքեպիսկոպոսներ, երբ կեղծվում են քրեական գործեր, երբ ամեն օր հետապնդվում են չհամաձայնողները, դուք ընտրում եք լռությունը։ Երբ Ձեր ֆինանսավորմամբ ներդրվում են այլըտնրանքային խափանման միջոցներ ու դրանք պարզապես տրորվում են ու անտեսվում՝ դուք ընտրում եք լռությունը: Սա չեզոքություն չէ։ Սա երեսպաշտություն է։

Եվրոպական համայնք, դուք պատասխանատվություն եք կրում. պատասխանատվություն այն բանի համար, որ մարդկանց ազատազրկում են կարծիքի համար, եկեղեցին հարձակման է ենթարկվում, բողոքները ճնշվում են, անկախ կառույցները ոչնչացվում են, քաղաքական գործերը դառնում են օրինաչափություն։

Ձեր լռությունը այս համակարգի մի մասն է, ձեր ձեռքսեղմումները՝ դրա լեգիտիմացումը։ Դուք քանդում եք ձեր սեփական հեղինակությունը: Այսօր Հայաստանում հնչում է մի հարց․ ինչու՞ է Եվրոպան անհետանում այնտեղ, որտեղ խախտվում է այն ամենը, ինչ ինքը՝ Եվրոպան է քարոզում։ Երբ դուք լռում եք ճնշումների մասին, դուք կորցնում եք բարոյական իրավունքը խոսելու ժողովրդավարությունից։ Դուք կորցնում եք այն ժողովրդի վստահությունը, որը միշտ ընտրել է ազատությունը։ Եվ այս անկումը դուք եք ստեղծում ձեր սեփական ձեռքերով։

Խոսեք իրականության մասին ազնվորեն։ Եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ասացեք բացեիբաց, որ աջակցում եք ռեպրեսիվ ռեժիմին։ Եթե չեք աջակցում, բացատրեք, թե ինչու եք նրա գործողությունները ծածկում դիվանագիտական հաստատունությամբ։ Քանի որ այսօր՝ լռությունը հավասար է մասնակցության, երկիմաստությունը՝ հավանելուն, կեղծավորությունը՝ սեփական սկզբունքներից հրաժարման։ Հայ ժողովուրդը դա տեսնում և հիշում է»,–գրել է նա։

Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից: «Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 296-ի (Փողերի լվացումը) 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 31.10.2025 թվականին մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշեցին Գլխավոր դատախազությունից: