AM
18 Նոյեմբեր 2025 - 11:39 AMT

Գալջյան․ Ավելի լավ չի` քաղաքում հեծանիվները, ինքնագլորները, մոպեդները շատանան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը խոսել է մայրաքաղաքում երթևեկության խնդիրների ու դրանց կառավարման նպատակով համայնքային նոր կառույցի ձևավորման մասին։

«Այս հիմնարկը աշխատելու է միլիոնից ավել մարդկանց երթևեկությունը և կյանքը կանոնակարգելու համար։ Հետևաբար, այն գումարը, որը դրվում է այստեղ, շատ ավելի արդյունավետ է»,-ասել է Արմեն Գալջյանը, հայտնում է Radar Armenia-ն։

Նա նաև անդրադարձել է ընդհանուր երթևեկության հարցերին՝ նշելով, որ դեռևս որևէ առաջարկ չի լսել, թե ինչպես կարելի է խնդիրները լուծել. հիմնականում միայն դժգոհություններ են հնչել։

«Ինձ համար տարօրինակ է, որ հատկապես ընդդիմադիր խմբակցությունները մտածում են են ինչ անել, որ մեքենաների համար հարմարավետ պայմաններ ստեղծեն՝ կայանատեղիներ ստեղծեն և այլն»,-ասել է նա՝ հավելելով. «ժողովուրդ ջան, ավելի լավ չի, որ առաջարկեք՝ ինչ անենք, որ քաղաքում հեծանիվները, ինքնագլորները, մոպեդները շատանան»։

«Ձեր մտածելակերպը մերինից դրանով է տարբերվում։ Ձեզ համար միայն մեքենան է տրանսպորտային միջոց»,-շեշտել է Գալջյանը:

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնադրել նոր համայնքային կառույց՝ մայրաքաղաքի երթևեկության արդյունավետ կազմակերպումն ու վերահսկողությունը համակարգելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ավագանու նիստում։