ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նախկին վարչապետ Արմեն Գևորգյանից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովից համապարտության սկզբունքով վերականգնել այն գումարը, որը պետությունը հատկացրել է Մարտի 1-ի դեպքերից տուժածներին։
«2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին։ Հետադարձ պահանջի չափը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 4-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը, ինչպես նաև կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 990-Ն որոշումը»,- ասել է Վարդապետյանը, հայտնում է Արմենպրեսը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ հայցադիմումի հետ միասին ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն՝ խնդրելով արգելանք դնել պատասխանողներին պատկանող գույքի վրա՝ հայցագնի չափով, այսինքն՝ 670 մլն դրամի սահմաններում։
«Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է»,- եզրափակեց Վարդապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն Ազգային ժողովում Մարտի 1-ին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասել է, որ ՀՀ-ից դուրս իրականացված փորձաքննություններով պարզվել է՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի մարմիններից հանված «Չերյոմուխա 7» տեսակի գազային նռնակի բեկորների վրա արձանագրված կրակոցի հետքերը տեխնիկապես չեն թույլատրել պարզել, թե կոնկրետ որ զենքից են արձակվել կրակոցները, հայտնում է 1lurer.am-ը։
Այդ պատճառով չի պարզվել, թե կոնկրետ որ զենքից արձակված կրակոցից են մահացել նշված անձինք:
Անդրադառնալով քննվող գործին՝ կոմիտեի նախագահը որոշ մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ կազմվել են ծառայողական քննության կեղծ նյութեր, մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած ԶՈւ ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչը, ըստ Նահապետյանի, իրականությանը չի համապատասխանում:
«Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար»,- ասել է նա:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008-ի Մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԶՈւ ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ և ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձաքննության օբյեկտ համարվող կրակված պարկուճները, ինչպես նաև կազմել և քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դատավարական փաստաթղթեր, թաքցրել հանցագործությանն առնչվող հանգամանքներ:
«Սպանված և մարմնական վնասվածքներ ստացած անձանց մարմիններից հանվել է 5․45 և 9 միլիմետր տրամաչափի հրազեններից արձակված 6 հատ գնդակ, որոնց փորձագիտական հետազոտմամբ պարզվել է, որ դրանք արձակվել են 5 տարբեր հրազեններից։ Հետևաբար ակնհայտ է, որ 3 զոհի մարմիններից հանված փամփուշտների և դրանք արձակած զենքերի հետ իրական համադրում չէր կարող կատարվել։
Ավելին՝ նման պայմաններում վարույթ իրականացնող մարմինը ներկայումս նույնպես զրկված է համապատասխան փորձաքննությունների միջոցով պարզելուց, թե Մարտի 1-ի իրադարձությունից հետո Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում հայտնաբերված 1000-ից ավելի պարկուճները կոնկրետ որ զենքերից են կրակված եղել»,- ասել է նա:
Նահապետյանը նաև հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճիռը։ Ըստ այդ վճռի՝ 2008-ին, զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած մահերը պայմանավորված են եղել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ։ Դատարանը փաստել է, որ 4 անձանց մահվան պատճառ են դարձել ոչ պատշաճ պլանավորված և վատ իրականացված գործողությունները, որոնց ընթացքում օգտագործվել են ամբոխը վերահսկելու համար ոչ պատշաճ միջոցներ, ինչպես նաև կիրառվել է մահաբեր ուժ՝ անհամաչափ կերպով։
Նահապետյանի խոսքով՝ այժմ քրեական վարույթով շարունակվում են նաև ՄԻԵԴ-ի վճռից բխող քննական ու ապացուցողական գործողությունները։ Նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանական լսումների ընթացքում մանրամասներ է ներկայացրել «Մարտի 1»-ի գործով իրականացված աշխատանքներից՝ ընդգծելով, որ մեղադրանքի պաշտպանությունն ու պետական շահերի ներկայացվածությունը շարունակվում են տարբեր իրավական գործընթացների մեջ։
Վարդապետյանը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ին հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը («սահմանադրական կարգը տապալելը»), որի հիմքով դադարեցվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Դատախազի խոսքով՝ այս որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներն ամբողջությամբ մերժվել են, և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։
Այնուամենայնիվ, գլխավոր դատախազը դիմել է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերանայել ստորադաս ատյանների ընդունած որոշումները։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականին ընդունել է բողոքը վարույթ, իսկ 2024 թվականի հունվարի 19-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վերանայելու քրեական դատավարության մի շարք նորմերի սահմանադրականության հարցը։ ՍԴ-ն 2024 թվականի հուլիսի 22-ին արձանագրել է, որ մեղադրողը կարող է փոփոխել մեղադրանքի իրավական որակումը՝ մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը։
«Եթե մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել»,- նշել է Վարդապետյանը։
Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը և Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը համահունչ՝ վերջինս 2024 թվականի սեպտեմբերին բեկանել է նախորդ դատական ակտերը և գործն ուղարկել նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։ Դրանից հետո, 2024 թվականի հոկտեմբերի 11-ին, հանրային մեղադրողը վերաիմաստավորել է նախկին մեղադրանքը՝ փոխելով այն։
«2024 թվականի հոկտեմբերի 11-ին կայացվել են Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին՝ նախկին 300.1 հոդվածով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխելու և նոր՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ: Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ»,- ասել է Վարդապետյանը։
Նա հավելել է, որ դատարանը հանրային մեղադրողին սահմանել է ժամկետ՝ նշված որոշումները Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմելու և ներկայացնելու համար։ Ըստ նրա՝ առաջիկայում փոփոխված մեղադրանքներն արդեն կհանձնվեն դատարանին։






