Վաղարշապատ խոշորացված համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները «Հայաքվե» դիտորդական առաքելությունը պատրաստվում է փոխանցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ դրանցից մի մասը՝ նաև ՀՀ դատախազությանը։ Այd մասին Վաղարշապատի ընտրությունների իրավախախտումների ամփոփիչ զեկույցը ներկայացնելիս ասel 1 «ՀայաՔվե» դիտորդական առաքելության անդամ Ավետիք Չալաբյանը։
«Մենք ընտրությունների օրը 70 տեսանյութ ենք հրապարակել, դրանից ավելին էլ ունենք։ Այդ ամենն էլ կհրապարակենք, հղումները կտրամադրենք ԿԸՀ-ին, որոշ դեպքերում՝ նաև դատախազությանը։ Դեպքեր կան, որոնք ուղիղ պատասխանատվություն են ենթադրում, քանի որ պետք է համապատասխան իրավական գնահատական ստանան»,- նշել է Չալաբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Մինչ այդ «Հայաքվեն» տեղեկացրել էր մի շարք խախտումների մասին, որոնք արձանագրվել են դիտորդական առաքելության շրջանակում։ Դրանց թվում են ընտրատեղամասերի մոտ կուտակումները, տեղամասերին մոտ փակցված քարոզչական նյութերը, բաց քվեարկության դեպքերը, ինչպես նաև տարբեր անձանց կողմից քվեարկության ուղղորդումներ։
Չալաբյանն ընդգծել է, որ ընտրակաշառք բաժանելու փաստեր չեն արձանագրել։
Նա մասնավորապես շեշտել է Խոյ բնակավայրում նկատված համակարգված ուղղորդումների փաստը՝ նշելով, որ ընտրատեղամասերի մերձակայքում կուտակված անձինք, ըստ ամենայնի, քվեարկողներին հուշել են ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Խախտումների մակարդակն իսկապես անթույլատրելի էր։ Մասնավորապես Խոյ համայնքում են շատ կուտակումներ արձանագրվել։ Որպես կանոն, նույն արտաքինով մարդիկ էին լինում՝ սպորտային համազգեստով կամ սև բաճկոններով։ Մոտենում էինք՝ հարցնում, թե ինչու են կուտակված տվյալ հատվածում, ասում էին՝ իրենց գյուղն է, միշտ էդտեղ են հավաքվում։ Մեր օրենսգրքով նշված է, որ տեղամասից 50 մ հեռավորությունից ավելի պետք է լինի, որ մարդիկ կանգնեն։ Խոյում այնպես էր դասավորված, որ նույնիսկ 70 մ հեռավորության վրա փակվում էր տվյալ տեղամասի հիմնական ճանապարհը»,- նշել է Չալաբյանը։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ այդ կուտակումներն իրականացնող անձինք վարչական պատասխանատվության ենթակա չեն, իսկ իրավապահների կողմից առավելագույնը եղել է միայն հորդոր չկուտակվել ընտրատեղամասերի մերձակայքում։
«Հայաքվեն» դիտորդական առաքելությունը Վաղարշապատում գործել է 123 դիտորդի ներգրավմամբ, որոնք տեղակայված են եղել 47 ընտրատեղամասերում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում մեկնաբանել է նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը՝ ներկայացնելով իր վերլուծությունը։
«Հիմա շատ քննարկվում է, թե ինչու Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց: Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ ՔՊ-ն՝ կյանքի մասին: Եվ մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը»,–ասել է նա՝ հավելելով, որ այդպես լինելու է նաև 2026 թվականի խորհրդանական ընտրություններում:
ՏԻՄ ընտրությունները Վաղարշապատ համայնքում կայացել են նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից միայն երեքն են հաղթահարել անցողիկ շեմը։ Արդյունքում ավագանու 33 մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքին՝ 12 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությանը՝ 2 մանդատ։






