AM
19 Նոյեմբեր 2025 - 08:11 AMT

ՀԾԿՀ․ Պետրոսյանը պարտավոր է ապահովել ՀԷՑ–ի բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ–ն, տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի դադարեցումից հետո ֆինանսական կայունությունը չի խաթարվել։

Նշվում է, որ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը:

Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետագա գործունեության կայունությանն առնչվող՝ հանրության շրջանում առկա մտահոգությունները, հայտնում ենք, որ համաձայն օրենսդրության՝ ընկերությունը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները։

Ավելին, մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված՝ օրենքով նախատեսված գործընթացների ավարտը, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը, համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլ նաև հաշվի առնելով գործող իրավական և տնտեսական կառուցակարգերը՝ չի էլ կարող խաթարվել։

Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը, որը մինչ այդ ազատվել էր պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից, ՀԾԿՀ-ի որոշմամբ նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Կառույցը, կառավարության ներկայացրած հաղորդման հիման վրա, նաև վարույթ է նախաձեռնել ՀԷՑ-ի նկատմամբ։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: