Հայաստանում ուժի մեջ մտած «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը կինոթատրոններում մեծ էկրանին ցուցադրվելու են պարտադիր հայերեն ենթագրերով՝ նպատակ ունենալով ապահովել հանրության ավելի լայն ընդգրկվածություն և հասանելիություն, տեղեկացնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Նույն պահանջը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, համացանցային հարթակներով ու ֆիզիկական կրիչներով՝ օրինակ՝ DVD-ներով և այլ ձևաչափերով տարածվող ֆիլմերին։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցության շրջանակում՝ օտարերկրյա դիստրիբյուտորների հետ համատեղ։
Ըստ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի՝ օտարալեզու ֆիլմերի տարածման գործընթացը կազմակերպվում է վարձութային վկայականի հիմքով, որի պարտադիր պահանջներից մեկն է ֆիլմին կցված հայերեն լեզվով տեսանելի ու հստակ ենթագրերի առկայությունը։ Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել նաև օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման ծրագիր։






