ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Ստամբուլում կայացած ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի «Կամրջող հեռանկարներ. Երկխոսության, միջնորդության և վստահության ամրապնդումը անորոշության դարաշրջանում» խորագրով նիստում խոսել է նաև հայ–թուրքական հարաբերությունների մասին։
«Այստեղ՝ Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության»,–ասել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ կարգավորմանը՝ Խանդանյանն ասել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրն ամուր և իրական հանձնառություն է երկու երկրների կողմից՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը և վերջապես փակելու հակամարտության էջը։
«Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության և հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգանքի վրա։
Այն նաև ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք՝ մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում։
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։ Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային։
Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն և հոգատարություն փոխադարձ վստահություն կառուցելու համար։ Վստահության կառուցման կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և հարակից կառույցների փակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա»,–ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






