AM
19 Նոյեմբեր 2025 - 10:57 AMT

Մարգարյանի գույքի վրա կալանք է դրված․ Դատախազությունը պահանջում է 2 մլրդ դրամ բռնագանձել նրանից

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված, գրում է «Հայկական ժամանակը»։

Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին գլխավոր դատախազը դատարան է ներկայացրել Տարոն Մարգարյանին վերաբերող քրեական վարույթի նյութերը։

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է այն հիմքով, որ Մարգարյանը, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ը՝ քաղաքապետի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրականացրել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Բացի այդ, մեղադրվում է նաև այլ անձանց օգնությամբ իշխանական, ծառայողական դիրքն ու դրանից բխող ազդեցությունը կիրառելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքի օրինականացման և պետական սեփականություն հանդիսացող հողերը ինքնակամ զավթած քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության միջոցներ չկիրառելու մեջ։

Քրեական գործը ներկայումս գտնվում է նախնական դատալսումների փուլում։