Հաստատվել են ՀՀ–ում շրջանառության մեջ դրվելիք նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Դա տեղի է ունեցել Չեխիայի Օստրավա քաղաքում տեղակայված ֆրանսիական IN Group ընկերության արտադրական համալիր ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ։
Այցի շրջանակում քննարկվել են նաև մի շարք տեխնիկական հարցեր, որոնք առնչվում են անձնագրի տվյալների էջի կառուցվածքին ու արտաքին տեսքին։
Նախարարին ներկայացվել են սահմանային վերահսկման էլեկտրոնային համակարգերի արդիականացման ուղղությունները և դրանց տեխնիկական լուծումները։ Առանձին ուշադրություն է դարձվել բիոմետրիկ համակարգերի ներդրման ընթացիկ գործընթացին, զարգացման փուլերին ու սպասվող նորարարություններին։
Արփինե Սարգսյանը հետևել է ինչպես նույնականացման քարտերի, այնպես էլ անձնագրերի տպագրության իրական գործընթացին՝ շեշտելով, որ կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը պետք է իրականացվի ժամանակակից, հուսալի և քաղաքացիներին մատչելի ծառայությունների տրամադրման սկզբունքով։
Ներքին գործերի նախարարությունն իր մասնավոր գործընկերոջ հետ համատեղ աշխատանք է տանում՝ ապահովելու համար, որ խոստացված ժամկետում՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում, սկսվի կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև, որ մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը հատկապես կարևոր է ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներմուծման և փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացման հարցում՝ ինչը կարող է առանցքային դեր ունենալ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի առաջխաղացման համար։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։
Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։






