AM
19 Նոյեմբեր 2025 - 13:28 AMT

ՀՀ և Վրաստանի նախագահները խոսել են լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում՝ TRIPP նախագծի մասին

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան և դրա հետագա խորացման ուղղությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների և լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում՝ «TRIPP» նախագծի շուրջ, քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի և հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատրաստականության ընթացքը՝ կարևորելով Վրաստանի մասնակցությունը այս միջազգային միջոցառումներին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Հայաստանի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության և հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։