AM
19 Նոյեմբեր 2025 - 14:29 AMT

Մաթևոսյան․ COP17-ը կարող է դառնալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի միավորել օրակարգերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր մասնակցությունն է բերել Բրազիլիայում կազմակերպված «Ռիոյից Բելեմ. սիներգիկ գործողություններ էկոհամակարգերի վերականգնման և կլիմայական կայունության համար» բարձր մակարդակի միջոցառմանը:

Իր ելույթում նա նշել է, որ Հայաստանում հյուրընկալվող COP17-ը կարող է դառնալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի միավորել օրակարգերը, սահմանել համատեղ ռազմավարական ուղենիշներ՝ էկոհամակարգերի վերականգնման, բնության վրա հիմնված լուծումների, հողի դեգրադացիայի չեզոքացման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ։

Միջոցառումը բացառիկ է նրանով, որ Բրազիլիան, հանդիսանալով Ռիոյի կոնվենցիաների «ծննդավայրը» և միևնույն ժամանակ՝ Կլիմայի COP30-ի հյուրընկալող երկիրը, ծառայում է որպես կարևոր հարթակ՝ տարբեր երկրների փորձի համադրման ու համատեղ նախաձեռնությունների արդյունավետության բարձրացման համար։

Իր խոսքում նախարարը նշել է, որ Հայաստանը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի հյուրընկալող երկիր, գործուն քայլեր է ձեռնարկել Ռիոյի կոնվենցիաների և դրանց լրացնող միջազգային բնապահպանական փաստաթղթերի միջև համագործակցության խորացման ուղղությամբ։

«Հայաստանը COP17-ի գործընթացների կենտրոնում դիտարկել է Կունմին–Մոնտրեալի Գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի գլոբալ վերանայումը, որը կդառնա կարևոր գործիք փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման, համագործակցության ամրապնդման և համապատասխան որոշումների ընդունման համար»,– նշել է նախարարը։

Նա հավելել է, որ Հայաստանը որդեգրել է համաչափ ու ինտեգրված մոտեցում՝ միավորելով կենսաբազմազանության ազգային ռազմավարական ծրագիրը Գլոբալ շրջանակի դրույթների հետ։ Այդ գործընթացում ապահովվել է ցուցանիշների ընտրությունը, միջոցառումների կապակցումը պետական բյուջեի հատկացումներին, ինչպես նաև ուժեղացվել է գործողությունների թափանցիկությունն ազգային մակարդակով։

Նախարարը հատուկ ընդգծել է նաև այն կարևորությունը, որ ունեն միմյանց լրացնող մոտեցումները կենսաբազմազանության, կլիմայի, հողի, պլաստիկի, քիմիական նյութերի ու թափոնների կառավարման ոլորտներում։ Այս մոտեցումներն, ըստ Մաթևոսյանի, խթանում են իրականացման գործընթացների արագացումը և կարողությունների զարգացումը հատկապես զարգացող երկրներում, ինչպես նաև բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների ներգրավվածությունը։

Իր ելույթի ավարտին նախարարը նշել է, որ 2026 թվականին, երբ երեք Ռիոյի կոնվենցիաներն անցկացնելու են իրենց հերթական համաժողովները, ստեղծվելու է բացառիկ հնարավորություն՝ համաշխարհային բնապահպանական քաղաքականությունների համադրման և համատեղ ուղերձների ձևավորման համար։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։