Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կիգալիում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ժամանակ ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կանանց իրավունքների ապահովման, առաջնորդության խթանման և խաղաղության ամրապնդման գործընթացներում։
«Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ընդունման 30-ամյակը լավ հնարավորություն է արձանագրելու առաջընթացը և քննարկելու մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը շարունակում եմ մնալ առանցքային ուղեցույց աշխարհում կանանց և աղջիկների իրավունքների լիարժեք իրացման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջխաղացման տեսանկյունից: Ուրախալի է, որ տարիների ընթացքում դրանք լրացվել են այլ կարևոր նախաձեռնություններով և այդ գործընթացից անմասն չի մնացել նաև մեր կազմակերպությունը:
2018 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդունվեց Կանանց և տղամարդկանց իրավահավասարության, կանանց և աղջիկների իրավունքների և անկախության խթանմանն ուղղված ռազմավարությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ հանձնառությունը և միևնույն ժամանակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի կողմից թիրախային նախաձեռնությունների իրականացումը:
Կցանկանայի վերահաստատել կանանց իրավունքների պաշտպանությանն ու առաջնորդության խթանմանը Հայաստանի հանձնառությունը: Իրականացված աշխատանքների արդյունքներում կանանց քանակական և որակական դերակատարության աճ է արձանագրվել Հայաստանի կառավարման տարբեր ոլորտներում: Հայաստանի ներկա կառավարության կազմում նախարարների 30 տոկոսը կանայք են:
Մեր պատմության մեջ առաջին անգամ ունենք կին ՆԳՆ նախարար և գլխավոր դատախազ։ Նոր ձևավորված ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը և մարդու իրավունքների պաշտպանը ևս կանայք են։ Տարեցտարի ավելանում է նաև ՀՀ ազգային ժողովում կին պատգամավորների քանակը՝ այս պահին կազմելով ավելի քան 36%։
Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը միջազգային հարթակներում և ազգային մակարդակով։ Արդեն իսկ ավարտին ենք հասցրել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ազգային ծրագրի աշխատանքները: Ծրագիրը կրում է «Ներդրում խաղաղություն ապահովելու համաշխարհային ջանքերին» խորագիրը և վերահաստատում է խաղաղության օրակարգի կարևորությունը, այդ թվում՝ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» շրջանակում հանձնառությունների իրականացման միջոցով»,–ասել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ կանայք հանդիսանում են կարևոր դերակատարներ խաղաղության հաստատման, հակամարտությունների հետևանքների հաղթահարման, վստահության մթնոլորտի վերականգնման և հաշտեցման գործընթացներում։
«Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Դա նշանավորեց մեր երկրների միջև խաղաղության հաստատումը՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը:
Այն նաև հնարավորություն ստեղծեց հետհակամարտային կարգավորման և վստահության ամրապնդման գործում հանրությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և կանանց կազմակերպությունների ներգրավման համար։ Խոսելով կանանց ներուժի լիարժեք իրացման մասին հարկ է նշել կրթության հիմնարար իրավունքի իրացման և կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:
Այդ առումով, մեծապես արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված «La Francophonie avec Elles» ծրագիրը, որը փաստացի կյանքի է կոչվել համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում կանանց աջակցելու համատեքստում և, ապացուցելով իր արդյունավետությունն ու արդիականությունը, շարունակվում է առ այսօր:
Ուրախ եմ, որ ստեղծումից ի վեր առաջին անգամ ծրագրի շահառու են դարձել նաև հայկական երկու հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացրած ծրագրերը միտված են կանանց, այդ թվում՝ տեղահանված կանանց կրթությանը, վերապատրաստմանը և անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Ամփոփելով`կցանկանայի ուրախությամբ արձանագրել, որ մեր կողմից ընդունվելու է բավականին հավակնոտ փաստաթուղթ՝ Կիգալիի կոչը, որը մեզ նաև պարտավորեցնում է կրկնապատկել անհատական և համատեղ ջանքերն այն շոշափելի արդյունքների վերածելու նպատակով»,–ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






