Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը հայտարարել է, որ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու որոշումը մեծ անորոշություն է առաջացնելու, բացառությամբ այն անձանց, որոնք, առանց պետության վրա հույս դնելու, արդեն իսկ ներկայացրել են կամ հիմա են ներկայացնում անհատական դիմումներ, հայտնում է Aysor.am-ը։
«Դրա համար արցախցիներին խրախուսում ենք սկսել անհատական կարգով դիմումներ ներկայացնել, որովհետև Վաշինգտոնյան համաձայնագրում որևէ խոսք չկա իրենց խնդիրների լուծման մասին, գույքային իրավունքի և վերադարձի իավունքի մասին: Եթե միջազգային երկկողմանի համաձայնագիրը լռում է այդ մասին, ուրեմն պետք է խնդիրը կարգավորել կոնվենցիաներով, որից լավագույնը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է : Այն անձինք, որոնք կդիմեն կամ արդեն դիմել են անհատական կարգով, կարող են ակնկալել, որ կունենան իրավական պաշտպանություն: Իսկ նրանք, որոնք չեն դիմել, կմնան անորոշ վիճակում, որովհետև պարզ չէ՝ երբևէ Հայաստանն ու Արդբեջանը այդ հարցը կլուծե՞ն, թե՞ ոչ»,–ասել է նա։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ միջազգային դատարան դիմելու ժամկետներ ու սկզբունքներ կան, ըստ որոնց չի կարելի դիմումները շատ ուշացնել, որովհետև պարզ չէ՝ միջազգային տրիբունալը հետո կընդունի՞ հայցը, թե՞ ոչ.
«Ավելի լավ է՝ հիմա դիմեն: Հայցերից հրաժարվելը խնդրի վատ լուծում է, որովհետև եթե դու մերժում ես մի մեխանիզմը, պետք է ստեղծես դրա փոխարեն այլ մեխանիզմ, քանի որ իրավունքի պատվիրանը մնում է: Մարդիկ կորցրել են իրենց գույքը զինված հակամարտության արդյունքում, հակամարտության կողմերից մեկը պետք է պատասխան տա: Հիմա ստացվում է՝ երկու կողմն էլ պատասխան չեն տալիս, ինչո՞ւ մարդիկ պետք է գնան, միջազգային տրիբունալ դիմեն»,-նշել է իրավաբանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի նախաստորագրած համաձայնագրում կա դրույթ, ըստ որի՝ «Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ.) հետ կկանչեն բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև Համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին»:






