AM
20 Նոյեմբեր 2025 - 07:52 AMT

Միրզոյան. Թուրքիայի հետ կարգավորումը կարող է դրական անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը, հայտնում է Արմենպրեսը։

Միրզոյանն ասել է, որ Թուրքիայի հետ կարգավորումը կարող է դրական անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման վրա։

«Նախ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»,-ասել է նա։

Միրզոյանը նաև անդրադարձել է Ֆիդանի այն դիտարկմանը, որ Նախիջևանը և Ադրբեջանը միացնող կապի հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում:

«Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ»,–ասել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։