AM
20 Նոյեմբեր 2025 - 08:09 AMT

Փաստաբան․ Արշակ սրբազանը հարցաքննվել է «խայտաբղետ», «զարմանահրաշ» վարույթներով

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել որպես վկա 3 տարբեր քրեական վարույթների շրջանակում։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը, գրում է «Փաստինֆոն»։

Ըստ նրա՝ քրեական վարույթներից մեկը, որով Արշակ սրբազանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, վերաբերում է իշխանությունների կողմից սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը, հարցաքննության ընթացքում Սրբազանը հայտնել է, որ տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։ Մյուս երկուսը, ըստ փաստաբանի, «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն՝ կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։

«Հաշվի առնելով, որ բոլորս գիտենք, թե այս ամենը որտեղից է գալիս, ով է այս ամենի թիկունքում կանգնած, ակնհայտ է, որ սա Եկեղեցու նկատմամբ քաղաքական և ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է գտնվում։ Սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին և, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց »,- ասել է Բաբայանը։

Նա հավելել է, որ տեղեկություն չունի՝ ով է հաղորդում ներկայացրել քրեական վարույթ սկսելու համար կամ արդյոք որևէ ցուցմունք առկա է վարույթներում։

Նա նշել է նաև, որ անհեթեթությունները, ինչի շուրջ նախաձեռնված են քրեական վարույթները, նման զազրախոսություններ կարելի է տեսնել կարգալույծ եղած հոգևորականների և եկեղեցու հետ որևէ առնչություն երբևէ չունեցած անձանցից, որոնք իրենց համարում են հոգևորական։

Ենթադրվում է, որ խոսքն, ըստ ամենայնի, իշխանական հարթակներում այսօր տարածված հրապարակումներ են՝ իբրև թե Գարեգին Ա վեհափառին թունավորել են, և Արշակ սրբազանը դրա հետ առնչություն ունի։ Նույն հարթակները տեղեկություններ էին շրջանառում փողերի լվացման վերաբերյալ։ Նման հայտարարություններ էին արել մի քանի կարգալույծ արված նախկին հոգևորականներ։

Ըստ բաց աղբյուրների՝ Գարեգին Ա-ն երկար ժամանակ տառապել է կոկորդի քաղցկեղով և 1999 թ–ին վախճանվել է այդ հիվանդությունից։