AM
20 Նոյեմբեր 2025 - 09:20 AMT

Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել գերիների վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ խնդրել է տեղեկություններ տալ, թե ինչ է արել Վաշինգտոնը Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ և խնդրել է հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Sputnik Արմենիան։

Լրագրողներից մեկը վարչապետից հետաքրքրվել է միջազգային մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իբր մերժել է ԱՄՆ-ի առաջարկը գերիների վերադարձի հարցով՝ պնդելով, որ Հայաստանը կարող է այդ խնդիրը լուծել սեփական ուժերով։ Նա նաև խնդրել է մեկնաբանություն տալ լուրերին, ըստ որոնց՝ վարչապետ Փաշինյանը չի ցանկանում, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները վերադարձվեն Բաքվից։

«Ինչպես գիտեք՝ պետքարտուղարի տեղակալի հետ ես էլ եմ հանդիպել և այդ հանդիպման ժամանակ ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփն այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ լրագրողի հնչեցրած այլ հարցերի մասով այլ մեկնաբանություն պարզապես չկա։

Բաքուն պաշտոնապես հաստատել է 23 հայ գերիների պահման փաստը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով։ Այդ գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք նախկին ներկայացուցիչներ՝ այդ թվում Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։