Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վաղարշապատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իր հրապարակած գրառմանն ու Մայր Աթոռի վերաբերյալ մեկնաբանություններին։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։
Նա ասել է, որ «Մայր Աթոռի ազատագրման գործընթացն ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ», հայտնում է Panorama.am-ը։
«Վաղարշապատում ՔՊ-ն և նրա թեկնածուն հաղթել են և ցանկացած իրադարձություն լիցք է տալիս, հենց Էջմիածնում նույնպես: Ինչ վեաբերում է Մայր Աթոռն ազատագրելու գործընթացին՝ շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց Նոր Կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ հաճախ եմ օգտագործում. «Պիտի նայեք, պիտի նայեք և չտեսնեք»։
Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ… Էջմիածնի կենտրոնական հրապարակի հավաքի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման ուղերձները նաև հանրության հետ երկխոսության ձև են, որոնց արդյունքում ծնվում են նոր գաղափարներ։
«Հայաստանում հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում. Ես ուրախ եմ, որ իմ հոգևոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնելով լրագրողների՝ ավելի վաղ հնչեցրած հարցը իր գործած մեղքերի մասին՝ վարչապետը հավելել է.
«Մենք բոլորս մեղավոր ենք. մեկինը մի քիչ ավել, մեկինը մի քիչ պակաս։ Իհարկե, ենթադրվում է, որ իմը մի քիչ ավելի շատ է»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ այս պահին Հայաստանում ընթանում է հոգևոր վերափոխման ընթացք, որն իր խոսքով՝ հաղթահարել է տարիներ շարունակ ձևավորված ապահոգևորական մթնոլորտը, հայտնում է Արմենպրեսը։
«Իմ հոգևոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարագների, որպես վարչապետ, ես գնում եմ՝ որպես Հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, շատ մեծ արգելք էր, հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է»,– ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հունիսի 10-ին առաջարկել էր ձևավորել համակարգող խորհուրդ, որի նպատակն էր լինելու գործնական քայլեր իրականացնել՝ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Նա Ամենայն հայոց կաթողիկոսին և մի շարք բարձրաստիճան եկեղեցականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Նա հրապարակային հայտարարությամբ նշել էր, որ եթե պարզվի՝ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է իր ուխտը և ունի երեխա, ապա չի կարող շարունակել պաշտոնավարել որպես կաթողիկոս։
Ի պատասխան՝ մի շարք եկեղեցականներ վարչապետին մեղադրել են հակաեկեղեցական գործողությունների և Եկեղեցու դեմ համակարգված արշավ սկսելու մեջ։






