Նոյեմբերի 19-ին Կիգալիում, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին։
Հայաստանի փոխարտգործնախարարը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ շեշտադրելով Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման և տրանսպորտային փոխկապվածության առաջմղման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։ Այս շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ կառավարության կողմից առաջ տարվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վրա։
Զրուցակիցները խոսել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։






