AM
20 Նոյեմբեր 2025 - 11:11 AMT

Վարչապետ. ՀՀ–ն դեպի թակարդ տարած ուժերը ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք ՀՀ–ն առաջնորդել են, տարել դեպի թակարդ ու պահել թակարդում, 2026 թ. ԱԺ ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։

«Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացը չպետք է վերածվի առճակատման, և, առհասարակ, քաղաքական բախումների համար հանրային պահանջ այլևս չկա։

«Մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են նախկին–ներկա բանավեճերից, էլ չեմ ասում, որ այդ բանավեճերը շատ հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից»,– հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այս հարցերն ակտիվորեն քննարկվել են իրենց քաղաքական ուժի ներսում, և ամրագրվել է դիրքորոշում՝ ՀՀ քաղաքական համակարգում պետք է ներդրվեն քաղաքակիրթ, արժեքային մրցակցության կանոններ, որտեղ հայհոյախոսությունն ու պախարակումը տեղ չունեն։

«Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ նույնն արել…Այո՛, դրա համար հիմա ես կիրակի օրերը գնում եմ ու խորանի առաջ ծնկի եմ գալիս, մեղքերի համար թողություն եմ խնդրում»,– հայտարարել է Փաշինյանը։

2026 թվականի հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ «Միասնության թևեր» նախաձեռնության, ինչպես նաև «Մեր ձևով» շարժման կողմից, որի գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ՝ սկսած հունիսի 18-ից։