AM
20 Նոյեմբեր 2025 - 12:16 AMT

Դատախազությունը պահանջում է լուծել «Հարսնաքարի» հողամասի վարձակալության պայմանագիրը

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ պահանջելով դադարեցնել ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված 2.8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը։ Միաժամանակ պահանջվել է ձեռնարկել միջոցներ հողամասի վրա ամրակայված գույքը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և տարածքը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է․

Վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ի պատասխան Գլխավոր դատախազության հարցման, տեղեկացրել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ծանուցում է ուղարկել «Հարսնաքար» ՍՊԸ-ին՝ գույքի կադաստրային արժեքի փոփոխության վերաբերյալ, այն դեպքում, երբ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկության համաձայն, գույքի կադաստրային արժեքը փոխվել է 2021 թվականից (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցեի կադաստրային արժեքը կազմում է 452 միլիոն 944 հազար դրամ): Պայմանագրով սահմանված տարեկան վարձավճարը կադաստրային արժեքի 1.61 տոկոսն է, հետևապես, 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը տարեկան կազմում է 7 միլիոն 292 հազար դրամ (2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի համար ընդհանուր վարձավճարը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ):

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և պայմանագրով նախատեսված՝ պետությանը պատկանող հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները ՊՈԱԿ-ին օտարելու կամ դրանք ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:

Վերոնշյալ խախտումների հիմքով՝ Դատախազությունը ներկայացրել է հանցանքի մասին հաղորդում, ինչի արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ։

Ավելի վաղ Դատախազությունը ուղարկել է մեկ այլ միջնորդագիր «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ համայնքում տեղակայված անշարժ գույքի՝ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողատարածքների վերաբերյալ պայմանագրերը լուծելու նպատակով։ Այս ուսումնասիրության հիման վրա ևս Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է սկսել՝ պաշտոնեական հանցագործության կասկածանքով։