AM
20 Նոյեմբեր 2025 - 12:49 AMT

Փաստաբան․ Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնված էր բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի վրա

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի պաշտպան Լիանա Գասպարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին, ասել է, որ ներկայացված մեղադրանքը կառուցվել է բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեր պաշտպանյալին ապօրինաբար են ձերբակալել, ապա կալանավորել և մոտ 1 ամիս պահել անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանի գործն առանձնակի էր, քանի որ նա իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում։ Նման դատական ակտ, կալանքի միջնորդություն իմ պրակտիկայում չեմ ունեցել, երբ նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, բայց չի նշվում, թե ինչին կարող է անձը խոչընդոտել կամ ինչից խուսափել։

Ի դեպ, Մխիթարյանի ձերբակալության արձանագրությունը կազմել է մի ոստիկան, իսկ հարցաքննվել մեկ այլ։ Նրան ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը 1 ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը, չակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ դատավորը աչք է փակել այդ հանգամանքի վրա»,- նշել է Գասպարյանը։

Փաստաբանը շեշտել է՝ կալանքի միջնորդության քննման ժամանակ դատարանին համոզելով են նայել այն տեսանյութը, որտեղ հստակ երևում է՝ Մխիթարյանին վերագրվող հանցանքները չեն համապատասխանում իրականությանը։ Նա վստահեցրել է, որ Մխիթարյանի քայլերը եղել են կանխարգելող և հանդարտեցնող։

Ինքը՝ Ռուբեն Մխիթարյանը, անդրադառնալով իրադարձություններին, նշել է, որ հոկտեմբերի 20-ին եղել է Գյումրիում՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով, սակայն անուններ չի նշել՝ փաստաբանական գաղտնիքը չխախտելու համար։

«Այդ օրը Երևանից շարժվեցի Գյումրի։ Քաղաքապետարանին մոտենալու և շենք մուտք գործելու համար ցույց եմ տվել իմ փաստաբանի արտոնագիրը, ապա մի քանի ճշտումներ անելուց հետո մտա ներս։ Այսինքն՝ ոստիկանները քաջատեղյակ էին, որ ես փաստաբան եմ ու ինչ գործունեություն եմ իրականացնելու։ Տեսանյութերից մեկում երևում է, որ հանգիստ կանգնած եմ, այդ ժամանակ փոխքաղաքապետ Ալեքս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, ու նկատեցի, որ ինչ-որ ակտվիություն կա։ Տեսագրությունում երևում է, որ 1-2 րոպե հետո հայնտվել եմ կիզակետում՝ ձեռքերս բարձրացրած մտել եմ ոստիկանների և քաղաքացիների մեջտեղը։ Դա տևել է ընդամենը 15-20 վայրկյան»,– նշել է Մխիթարյանը։

Նա հավելել է, որ հենց այդ պահին իրեն բերման են ենթարկել, չնայած ինքը մի քանի անգամ ներկայացրել է, թե ով է և ինչ գործառույթ է իրականացնում։

Մխիթարյանի խոսքով՝ տարօրինակ էր նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այդքան մեծ ուժերով ներգրավվել էին Գյումրու քաղաքապետարանում, մինչդեռ համայնքապետ Վարդան Ղուկասյանին անգամ ծանուցում չէր ուղարկվել։

«Այդտեղ կատարվողը կարծես բեմականացում լիներ։ Այս ամենը չէր լինի, եթե Գյումրու քաղաքապետին ծանուցում ուղարկեին, կանչեին։ Այսինքն, այս ամենը հնարավոր էր առանց աղմուկի անել, բայց ՀՀ իշխանություններն ընտրել էին բեմականացում անելու տարբերակը։ Ուղղակի խնդիրը պետք էր մասսայական դարձնել»,– նշել է Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է հետագա քայլերին՝ նա տեղեկացրել է, որ ներկայում քննարկվում են հնարավոր գործողությունները, և որոշում կայացնելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնեն։

Փաստաբան Լիանա Գասպարյանը հավելել է, որ Մխիթարյանի օրինակը ցույց է տալիս՝ վտանգված է ամբողջ փաստաբանական համայնքը։ Նա վստահեցրել է՝ չեն լռելու և շարունակելու են պայքարել արդար դատական համակարգի հաստատման համար։

Ինքը՝ Մխիթարյանը, ևս նշել է, որ վերջին շրջանում ամենաշատ թիրախի տակ հայտնված խումբը փաստաբաններն են։

Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը ներխուժել էր Գյումրու քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվել էր 23 քաղաքացի, այդ թվում՝ Ռուբեն Մխիթարյանը, որին հոկտեմբերի 23-ին երկու ամսով կալանավորել էին։ Նա ազատ է արձակվել 2025 թվականի նոյեմբերի 18-ին։