AM
20 Նոյեմբեր 2025 - 12:59 AMT

Թորոսյան․ Կառավարությունը շարունակելու է պայքարը ընտանեկան և կենցաղային բռնության դեմ

Երևանում անցկացվել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Նիստը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա արշավին» ընդառաջ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է պայքարը ընտանեկան և կենցաղային բռնության դեմ, հայտնում է Արմենպրեսը։

Նրա գնահատմամբ՝ 2024 թվականը եղել է համակարգային և արմատական բարեփոխումների տարի ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում։ Մշակվել և հաստատվել է 11 ենթաօրենսդրական ակտ, որոնք կարգավորում են մի շարք ոլորտային գործընթացներ։

«Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվող անձանց աջակցության տրամադրման հստակ և միասնական կարգ, ձևավորվել են ոլորտում ծառայություն մատուցող մասնագետների վերապատրաստման կազմակերպման հստակ պահանջներ ու չափանիշներ, ընդունվել է ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին համապատասխան որոշումը՝ ամրագրելով դրա իրավական և մեթոդաբանական հիմքերը, սահմանվել է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների պարտադիր հավաստագրման պահանջ՝ որպես սոցիալական աջակցության ծառայություններ մատուցող կառույցներ, ամբողջական գործարկման է անցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգը»,- մանրամասնեց Թորոսյանը։

Նա նշել է, որ չնայած գործադրված ջանքերին՝ առկա են լուրջ մարտահրավերներ՝ մասնավորապես հանրային իրազեկության, մասնագիտական կարողությունների զարգացման, վաղ հայտնաբերման և համայնքային համագործակցության ոլորտներում։

«Այս հարցերը պահանջում են և՛ հետևողական քաղաքական ջանք, և՛ համատեղ մոտեցում։ Այս համատեքստում ուզում եմ հստակ և աներկբա ընդգծել, կառավարությունը շարունակելու է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ հետևողական պայքարի, դրա կանխարգելման քաղաքականությունը։ Բռնությունը, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը, որևէ տեղ չունի և չպետք է ունենա մեր հասարակությունում»,– եզրափակել է Արսեն Թորոսյանը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ընտանեկան բռնության կանխարգելումն ու տուժածների պաշտպանությունը նախարարության առաջնահերթություններից են։

Նրա խոսքով՝ 2025 թվականի 10 ամիսների տվյալներով գրանցվել է ընտանեկան բռնության 2353 դեպք՝ նախորդ տարվա 1860-ի համեմատ։ Տուժածների դիմելիության աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների թվաքանակի աճով, այլ մարդկանց՝ օգնություն խնդրելու ավելի բարձր պատրաստակամությամբ։

Նա նաև հայտնել է, որ արդեն իրականացվում է էլեկտրոնային հսկողության համակարգերի՝ ձեռնաշղթաների ձեռքբերման գործընթացը, որոնք կսկսեն կիրառվել 2026 թվականի առաջին եռամսյակից։ Այդ համակարգը, ըստ Մկրտչյանի, զգալիորեն կբարելավի կանխարգելման մեխանիզմների արդյունավետությունը։

Նրա խոսքով՝ ուշադրություն է դարձվում ոստիկանների վերապատրաստմանը, իրավական բացերի լրացմանը, դատարանների հետ համագործակցությանը։ Դիտարկվում են նաև դատական պրակտիկայում ի հայտ եկող խնդիրները, այդ թվում՝ ոստիկանության որոշումների վիճարկման և բեկանումների դեպքերը։

Վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի ընթացքում հաշվառման է վերցվել 1858 նոր անձ, իսկ ընդհանուր հաշվառման մեջ գտնվողները՝ 2243։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն էլ նշել է, որ վերջին երկու տարում ոլորտում իրականացվել են լուրջ բարեփոխումներ, օրենսդրություն է կատարելագործվել, և ձևավորվել է միասնական սկզբունքներով կառավարվող ծառայությունների բազա։

Նա հավելել է, որ գործարկվել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրության և տվյալների հավաքագրման միասնական առցանց հարթակ, որը թույլ կտա հաջորդ տարվանից կառուցել առավել արդյունավետ, տվյալահենք պետական քաղաքականություն։