AM
20 Նոյեմբեր 2025 - 13:12 AMT

Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» պաստառներով

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին» գրությամբ պաստառներով։

Նրանք պարզել են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների նկարները` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով ազատ արձակել նրանց։ Հավաքվածների շարքերում են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս իշխանությունը, որը հաճախ խոսում է ժողովրդավարության մասին, ցանկացած ընտրություն` կլինի Բրյուսովի ռեկտորի ընտրություն թե համայնքի ղեկավարի, եթե իր քիմքին հաճելի չէ, ապա այլ որոշում է կայացնում, և այդ մարդիկ առնվազն բանտարկվում են»,– լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մասնակիցները նշել են, որ Հայաստանում այս պահին կա «ավելի քան 30 քաղբանտարկյալ, ովքեր, ձերբակալվել են՝ իրենց գաղափարների, խոսքի, համոզմունքների և հավատքի համար»։

«Հայ Առաքելական սուրբ եկեղեցու երեք առաջնորդներ՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազաններն ապօրինի ազատազրկված են, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանք է կրում միայն եկեղեցու շահերը պաշտպանելու համար։ Ձերբակալվել ու հետապնդվում են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների ընդդիմադիր պատգամավորներ, զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներ, համայնքապետեր և ՏԻՄ աշխատակիցներ», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիան ուղեկցվել է «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով։

Դատախազության շենքի դիմաց ելույթ է ունեցել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ գլխավոր դատախազությունն է խախտում Սահմանադրությունը՝ կատարելով ոչ թե արդարադատության վերահսկողություն, այլ քաղաքական պատվեր։

«ՀՀ Սահմանադրությամբ գլխավոր դատախազությունն այն միակ ու բարձրագույն մարմինն է, որը պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությամբ է օժտված, որը պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականությանը»,– նշել է Մինասյանը։

Նա կոչ է արել դատախազներին գործել Սահմանադրությանը համապատասխան՝ կատարելով իրենց մասնագիտական ու բարոյական պարտավորությունները։

Ըստ Մինասյանի՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նոյեմբերի 26-ին այդ թեմայով նախատեսված են խորհրդարանական լսումներ, որոնց հրավիրվել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Հրավերը փոխանցվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Ակցիան շարունակվել է երթով դեպի Շենգավիթի դատարան, որտեղ ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։

«Սրբազան պայքարի» գործով ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում՝ Բագրատ սրբազանին։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մի խումբ մասնակիցներ և ղեկավարներ պլանավորել են ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական գործողություններ և իրականացնել իշխանության զավթում։