AM
20 Նոյեմբեր 2025 - 13:34 AMT

ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը փորձում է քայքայել եկեղեցին ներսից, բայց չի կարողանալու

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է քայքայել եկեղեցին ներսից, բայց չի կարողանալու։

«Մեր եկեղեցին, ի տարբերություն բանակի, կրթական համակարգի, հայաստանյան չէ, համահայկական է, մենք երկու անգամ ավելի հավատացյալներ կամ թեմեր ունենք Հայաստանից դուրս, անգամ տեսականորեն հնարավոր չէ»,– ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արածը նման է աղի մկանը՝ վնասել ու փչացնել ամեն ինչ։

«Թեկուզ չվերացնել, բայց՝ փչացնել։ Ցորենի պարկը կարող ես չուտել, բայց մեկ հատ ծակելով՝ թունավորել, կեղտոտել ու ոչնչացնել ցորենը։ Նրա 2-րդ նպատակը՝ եթե չոչնչացնել, ապա փչացնել համակարգը, խեղճացնել, վարկաբեկել համակարգը, վստահեցնում եմ՝ չի կարող»,– նշել է նա։

Մանուկյանը ընդգծել է, որ խնդիրը ոչ թե անձնական է կաթողիկոսի դեմ, այլ՝ նպատակաուղղված հարձակում եկեղեցու ինստիտուտի վրա։

«Իր խնդիրը կաթողիկոսին կարգալույծ անելը չէ, իր խնդիրը եկեղեցին՝ որպես համազգային կառույց, ոչնչացնելն է։ Եթե ուրիշ որևէ անձ լիներ՝ ինքն էլի պայքարելու էր, կուսակրոնությունը, ծեսերը խախտելը պատրվակներ են՝ քողարկելու համակարգի դեմ պայքարը»,– ընդգծել է Արամ Մանուկյանը։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։