AM
20 Նոյեմբեր 2025 - 13:46 AMT

Կարապետյանը՝ Ստամբուլում․ Հուսով ենք՝ շատ շուտով կունենանք բաց ցամաքային սահման

Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը՝ ընդգծելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք են դրել նոր խաղաղ շրջանի:

Նա հույս է հայտնել, որ շատ շուտով ՀՀ–ն կունենա բաց ցամաքային սահման ու դիվանագիտական հարաբերություններ հարևան Թուրքիայի հետ:

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական քայլ կատարեցին՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և վերահաստատելով բոլոր հաղորդակցությունները վերաբացելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի վրա: Հայաստանը և ԱՄՆ–ն էլ պայմանավորվել են աշխատել միմյանց և փոխհամաձայնեցված այլ գործընկերների հետ՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վրա:

Սա լայնածավալ ենթակառուցվածքային ծրագիր է նոր երկաթուղիների, գազի և նավթի խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի ու ինտերնետի մալուխների անցկացման համար ամբողջ Հայաստանում:

Այս առումով, հարգելի՛ գործընկերներ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային նախագծերի մասին խոսելիս չափազանց կարևոր է օգտագործել լեգիտիմ տերմինաբանությունը, որը փոխադարձ համաձայնեցված է և հարգում է տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքները:

Ադրբեջանն այս հոկտեմբերին հայտարարեց, որ վերացնում է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման նկատմամբ բոլոր սահմանափակումները, և նախագահ Ալիւեը դա համարեց հստակ նշան, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում: Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել այս կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել տարանցում ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի երկու մասերի միջև՝ այսօր մեր տարածքում առկա ճանապարհներով:

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի փոխադրումը Ղազախստանից ու Ռուսաստանից ցույց է տալիս, որ ավելի լայն տարածաշրջանն ընդունում է խաղաղության փաստը և արդեն օգուտներ է քաղում հաղորդակցությունների ապաշրջափակումից»,–ասել է նա։

Կարապետյանը հավելել է, որ Հարավային Կովկասում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են ամրապնդել միմյանց, ինչպես նաև տարածաշրջանի դերը՝ որպես կարևորագույն տարանցիկ հանգույց, որը կապում է Եվրոպան, Սև ծովը, Թուրքիան, Կասպից ծովը և Կենտրոնական Ասիան:

«Ամփոփելով՝ այս նոր տարածաշրջանային միջավայրն իրական հնարավորություններ է բացում Եվրոպական միության Գլոբալ դարպասների ռազմավարության և Միջին միջանցքի համար»,–ասել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։