AM
20 Նոյեմբեր 2025 - 14:18 AMT

Սաղաթելյան. Փաշինյանն էլ SMS չի գրում դատավորներին, «Հայկական ժամանակը» միանգամից հրապարակում է որոշումները

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դատախազության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, դատապարտել է դատաիրավական համակարգի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն ամբողջությամբ ենթարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սաղաթելյանն ընդգծել է դատական համակարգի անկախության բացակայությունը՝ նշելով, որ որոշումները կարծես թե ի սկզբանե հայտնի են լինում, գրում է Panorama.am-ը։

«Նիկոլ Փաշինյանն էլ լայաղ չի անում SMS գրի դատավորներին, «Հայկական ժամանակ» թերթը արդեն միանգամից դատական որոշումները հրապարակում է։

Իրենց խիղճն ու հոգին Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դտավորների վրա հույս չենք դնում, որովհետև իրենք ապացուցել են, որ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել է բութ գործիք՝ երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, երկրում բռնաճնշումներ գործադրելու, կեղծ շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար»,–ասել է նա։

Սաղաթելյանն ընդգծել է, որ իր դիտարկմամբ՝ վարչապետ Փաշինյանը շարունակելու է ձերբակալությունների ու ճնշումների ճանապարհը, քանի դեռ չի ստանում ուժեղ արձագանք։ Նրա խոսքով՝ միայն հստակ հակազդմամբ հնարավոր կլինի կասեցնել գործող իշխանությունների վարքագիծը։

«Երկրում կան 5 տասնյակից ավել քաղբանտարկյալ՝ ազգային բարերար, սրբազաններ, Արցախի և Հայաստանի ԱԺ-ների պատգամավորներ, բլոգերներ, զինվորականներ, լրագրողներ, շարքային քաղաքացիներ։ Նրանք այսօր գտնվում են անազատության մեջ բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականության հետ»,-ասել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ պայքարը լինելու է շարունակական, և տեղի ունեցած ակցիան դիտարկվում է որպես առաջին քայլ՝ հետագա քայլերի շարքում։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում են անցկացնել հանրային լսումներ՝ քաղբանտարկյալների հարցով, որոնց ընթացքում հրավիրվելու է նաև դատախազը։

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին» գրությամբ պաստառներով։

Նրանք պարզել են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների նկարները` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով ազատ արձակել նրանց։ Հավաքվածների շարքերում են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։