Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, Բագրատ սրբազանի և ևս 17 մեղադրյալների գործով ընթացող դատական նիստի ժամանակ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի տնային կալանքը վերացվել է։
Նիստի ընթացքում դատախազը միջնորդել է երեք ամսով երկարացնել Դավիթ Գալստյանի տնային կալանքի ժամկետը, Գալստյանի պաշտպանն էլ միջնորդել է վերացնել տնային կալանքը, հայտնում է Panorama.am-ը։
«Բռնի տեղահանված Դավիթ Գալստյանը, գտնվելով ազատության մեջ, կկարողանա աշխատել և հոգալ իր ընտանիքի անդամների հոգսերը։ Միջնորդում ենք սահմանել վարչական հսկողություն, անհրաժեշտության դեպքում կիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնց պարագայում էլ կարողանա ներկայանալ աշխատանքի»,–ասել է պաշտպանը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասել է, որ անհրաժեշտություն չկա շահարկել արցախցի լինելու հանգամանքը։
«Նույն արցախցին, նույն երևանցին, նույն գյումրեցին հայ են, ինչո՞ւ պետք է խտրականություն դրվի։ Հաշի առնելով առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել մեղադրյալի մոտ, նաև հաշվի առնելով, որ դատական նիստերի ընթացքում ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, նաև ընտանիքի ֆինանսական վիճակը՝ միակ կերակրողն է, այլ անձինք չեն աշխատում ընտանիքում, որոշվեց տնային կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո, փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը, անփոփոխ թողնել խափանման միջոց 5 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը»,–ասել է դատավորը։
Դատարանի որոշմամբ, Դավիթ Գալստյանը մարդաշատ վայրեր չի կարող այցելել, վարույթով մեղադրյալների հետ չի կարող շփվել։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է «Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ սրբազանի և ևս 17 անձանց գործով դատավարությունը, որի շրջանակում քննվել է մի շարք մեղադրյալների խափանման միջոցների փոփոխման հարցը։ 3–ի խափանման միջոցը փոխվել է։






