AM
21 Նոյեմբեր 2025 - 06:39 AMT

Հովհաննիսյան․ ՀՀ–ն հանձնառու է գենդերային հավասարության ապահովմանն ինստիտուցիոնալ մշակույթում

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Գենդերային հավասարության հարցերով ՄԱԿ Բարեկամների խմբի շրջանակում, ընդգծել է երկրի շարունակական հանձնառությունը՝ ռազմավարական փաստաթղթերում և ինստիտուցիոնալ մշակույթում գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է, որ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Հայաստանը՝ համագործակցելով Էստոնիայի, Ֆրանսիայի, Կոստա Ռիկայի, Չիլիի, Ճապոնիայի և Քենիայի հետ, նախաձեռնել է հայտարարություն՝ նվիրված թվային տեխնոլոգիաներին և կանանց ու աղջիկների իրավունքներին։

Հանձնառությունն ընդգծվել է՝ ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը՝ ձևավորվող թվային և արհեստական բանականության քաղաքականության շրջանակում գենդերային սկզբունքները համակարգելու համար։

Հանդիպման մասնակիցներն առանձնահատուկ կարևորություն են տվել այն մոտեցմանը, որ գենդերային հավասարությունը չի սահմանափակվում միայն վիճակագրությամբ, այլ ենթադրում է կանանց ձայնի իրավունքի իրացումը և նրանց ներգրավումը խաղաղության, թվային վերափոխման, կլիմայական քաղաքականության և կառավարման առանցքային գործընթացներում։