Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 3 ամսով երկարաձգել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն գործով 10–ը տղամարդ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը:
«Ոչ մի ձև չեմ տեղավորվում այն իրականության մեջ, որում նույն գործով տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը ևս երեք ամսով։ Խի՞, էլի, խի՞»,-գրել է նա։
Դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարել է․ «Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ շարունակում են առկա լինել հանցանք կատարելու, վարույթի քննությանը խոչընդոտելու, ապացուցողական գործընթացին միջամտելու հավանականությունը», հայտնում է Panorama.am-ը։
Ահաբեկչության փորձի և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանը դատարանում ասել է, որ կպել են անձամբ իր պատվին, հայտնում է «Ազատությունը»։
«Կպել են անձամբ իմ պատվին, որովհետև երբ որ վեց օր կարանտինի մեջ գտնվելուց հետո ես գնացի ընդհանուր խուց ու հեռուստացույցից օգտվելու հնարավորություն ունեցա, ու հիմնական հեռուստաալիքները՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ու մնացածը որ նայում էի, եթե ես չլինեի ներգրավված էս քրեական գործի մեջ, ես կմտածեի, որ շատ վտանգավոր անձ եմ ես», – ասել է նա։
Մանթաշյանը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Բագրատ սրբազանի օգնականը:
Նա արդեն 5 ամիս է կալանքի տակ է։
Դատարանի նիստի ընթացքում, որոշման հրապարակումից առաջ, Մանթաշյանն անդրադարձել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին՝ պնդելով, որ ինքը պարզապես համակարգել է Բագրատ սրբազանի «Սրբազան պայքար» շարժման տեղեկատվական աշխատանքը։
«Էնպիսի տպավորություն ա, որ էս ամբողջ քրեական գործը, բոլորս էլ գիտենք, դե իհարկե, որ սա շինծու գործ ա, բայց էս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ. Սարգսյան Արթուրինը բաց ա կալանքները, Բագրատ սրբազանինը բաց ա, ես շատ վտանգավոր անձ եմ՝ իմը մինչև հիմա բացած չի», – ընդգծել է գործով միակ կին մեղադրյալը:
Մանթաշյանը նաև նշել է, որ իր նկատմամբ կիրառվող կալանավորման պայմանները ավելի խիստ են, քան նույն գործով անցնող Բագրատ սրբազանի նկատմամբ։
«Իրոք ինձ համար շատ տարօրինակ ա, որ նույնիսկ Բագրատ սրբազանին ամբողջ աշխարհը կարող ա գնա տեսակցության, և ինքը կարող ա զանգ տալ ում ուզում ա ամբողջ աշխարհում, իսկ ես չեմ կարող: Նույնիսկ քրեակատարողական հիմնարկում ա դա տարօրինակ, ամեն անգամ ասում են՝ «ոնց, քո արգելանքները դեռ չեն հանե՞լ»: Ես գնում եմ զանգահարելու, իրանք գալիս են լսեն, տեսնեն՝ ես ում հետ եմ, էլի, խոսում»,–ասել է նա։
Չնշելով կոնկրետ անձինք, Մանթաշյանը ակնարկել է, որ պաշտոնյաների վերաբերյալ իր միջոցով հայտնի դարձած տեղեկատվությունն է պատճառ դարձել իր դեմ ձեռնարկված գործողությունների։
«Ես գիտեմ՝ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել էդ հարցերը: Որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել, և իրանք նեղվում են դրանից»,–ասել է նա։
Բացի Լիդիա Մանթաշյանից և Մովսես Շարբաթյանից, մյուս ամբաստանյալների խափանման միջոցները մեղմացվել են։
Տնային կալանքից ազատ է արձակվել 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայրը՝ Արա Ռոստոմյանը։ Դատարանը Ռոստոմյանի նկատմամբ սահմանել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն։ Մեղադրյալ Արմեն Ալեքսանյանին դատարանը ազատել է կալանքից՝ կիրառելով տնային կալանք և բացակայելու արգելք։ Դատարանը որոշել է փոխել նաև Արցախից ընտրված պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողությամբ։
Արդեն անցած շաբաթ դատարանը երեք ամսով երկարաձգել էր Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի կալանքը։






