AM
21 Նոյեմբեր 2025 - 08:09 AMT

Թորոսյանը և Սանդրին քննարկել են ԼՂ-ից բնակապահովման հարցերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի հետ քննարկել էՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման և զբաղվածության հարցերը։

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության միջոցառումներին, սոցիալական բնակարանի տրամադրման գործընթացին ու կանանց տնտեսական ներուժի ամրապնդման նախաձեռնություններին։

Թորոսյանը շեշտել է՝ իշխանությունները շարունակում են առաջնային համարել տեղահանված հայրենակիցների արժանապատիվ ապրուստի պայմանների ապահովումը։

Մոնիկա Սանդրին իր հերթին ընդգծել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու UNHCR-ի միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը՝ նշելով այդ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։