AM
21 Նոյեմբեր 2025 - 08:44 AMT

Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց է բացվել

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնում հանդիսավոր արարողությամբ բացվել է նոր փողոց, որը կոչվել է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունով, հայտնում է Արմենպրեսը։

Բացման հանդիսությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ինչպես նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Բացման խոսքում Աիդա Բալաևան ընդգծել է Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման կարևոր նշանակությունը։

«Այսօր կարևոր խորհրդանշական միջոցառում է՝ ի նշան երկու երկրների բարեկամության։ Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը վկայում է, որ մշակույթը սկսվում է լեզվից, իսկ հասարակության զարգացումը` կրթությունից։ Ղազախստանն ու Հայաստանը ամուր բարեկամական կապեր ունեն։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը։ Տարիներ, որոնց ընթացքում նշանակալի ձեռքբերումներ կան քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում։ Այսօր ստորագրվելու է հուշագիր՝ ուղղված թանգարանային, գրադարանային, կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության զարգացմանը»,- ասել է Բալաևան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս իրադարձությունը դառնում է կարևոր պահ երկու ժողովուրդների բարեկամական և մշակութային փոխհարաբերությունների պատմության մեջ։

«Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության անտեսանելի կամուրջը։ Հայաստանն ու Ղազախստանը իրենց պատմություններով, իրենց մտածողների ժառանգությամբ և ապագայի հանդեպ իրենց ձգտումներով մշտապես ունեցել են փոխլրացնող համագործակցություն։ Վստահ եմ, որ Մաշտոցի փողոցի բացումը նոր սկիզբ է երկու երկրների մշակույթի ու կրթության ոլորտներում»,-ասել է Անդրեասյանը։

Նախորդ տարի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ բարձրացվել էր փոխադարձ սկզբունքով անվանակոչությունների հարցը՝ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի, իսկ Երևանում ղազախ մեծ գրող և ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով։

2025 թվականի ապրիլին Երևանի ավագանին որոշում է ընդունել Ավան վարչական շրջանի Ալմաթիի փողոցի հարակից զբոսայգին անվանակոչել Աբայ Կունանբաևի անունով։