«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը, հայտարարել է, որ նրանց կողքին է ոչ միայն այն պատճառով, որ վաղը կարող է նույն վիճակում հայտնվել, այլ պատճառով, որ իր պարտքն է համարում «լինել անհիմն հետապնդվողի, հալածվողի կողքին», հայտնում է Aravot.am-ը։
«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ ինչ քաղաքական դիրքորոշում ունեն Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ էին նրանք ասել կամ ինչ են ասելու իմ կամ «Առավոտի» հասցեին: Այս պարագայում ինձ համար կարևոր չէ նաև, թե ինչ լրատվամիջոց կամ ինչ հարթակ են նրանք ներկայացնում:
Ինձ հետաքրքրում են այլ հանգամանքներ, որոնք քաղաքականությանևեւ անձնական վերաբերմունքի հետ կապ չունեն: Ինձ համար կարևոր է, որ նրանցից մեկի ասածը ամենաշատը վիրավորանք էր, որը քրեական հետապնդում չի ենթադրում:
Որ նրանց «ասֆալտին փռելու» որեւէ անհրաժեշտություն չկար՝ նրանք ո՛չ փախչում էին, ո՛չ էլ որևէ դիմադրություն էին ցուցաբերում: Որ այդ «օպերացիան» իրականացնում էր ԱԱԾ- ն. պետք չէ վարկաբեկել պետության այդ կարևորագույն կառույցը՝ քաղաքական պատվերներով: Եթե նույնիսկ կար «խուլիգանություն» (որն իրականում չկար), ապա դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ առգրավվել է լրատվամիջոցի գույքը, ևայդպիսով փաստացի արգելափակվել է դրա գործունեությունը:
Ես Նարեկի և Վազգենի կողքին եմ ոչ միայն այն պատճառով, որ վաղը կարող եմ նույն վիճակում հայտնվել: (Ակնհայտ է՝ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ռեպրեսիաները, այդ թվում՝ լրատվամիջոցների դեմ, սաստկանալու են): Բայց խնդիրը միայն դա չէ. ես իմ պարտքն եմ համարում լինել անհիմն հետապնդվողի, հալածվողի կողքին: Մնացած քաղաքական և անձնական հարցերը տասներորդական են:
Այդպես էր 30 տարվա ընթացքում, այդպես է հիմա, այդպես կլինի նաև հետագայում, երբ հալածվողների դերում կլինեն ՔՊ-ականները: Հաշվի առնելով ատելության և վրեժխնդրության մթնոլորտը, որը նրանք ստեղծել են, դա միանգամայն հնարավոր է»,–գրել է նա։
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են երկու ամսով։ Գործի հարուցման հիմք է հանդիսացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդումը։ Նա դիմել էր իրավապահ մարմիններին այն բանից հետո, երբ փոդքասթի հեղինակներն արձագանքել էին իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։






